Միքայել Մինասյանը հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը․ ՊԵԿ
16:24 - 08 հունիսի, 2020

Միքայել Մինասյանը հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը․ ՊԵԿ

Ինչպես արդեն բազմիցս մամուլում նշվել է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Միքայել Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար։  

Բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված  հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանը  բավարարել է։ 

Մեղադրյալ Մ.Մինասյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկվել մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը վերաքննիչ դատարանի կողմից  վերադարձվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող լայնածավալ քրեական գործի շրջանակում իրականացվող նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը,  որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը): 

Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չորս դրվագ  և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բացի այդ՝ նկարագրված արանքներում Միքայել Մինասյանին օժանդակելու համար որոշում է կայացվել նաև Ռոզա Գևորգի Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրիք 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 

Քրեական գործի նախաքննության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում մեղադրյալների և մյուս հնարավոր հանցակիցների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արաքների բոլոր հանգամանքները բացահայտելու,  անձանց, կազմակերպությունների և (կամ)  պետությանը պատճառված վնասները, ինչպես նաև հասարակական արդարությունը  վերականգնելու ուղղությամբ։  

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել