tert.am: ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, երբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացնում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքին:

Պատգամավորը նկատեց, որ հունիսի յոթին լրացավ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի պաշտոնը ստանձնելու մեկ տարին: Նա նշեց, որ որքանով տեղյակ է՝ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների շրջանակներում գտվնողի որևէ գործառույթ չի իրականացրել, բայց շատ պարտաճանաչ կերպով ստացել է իր ամենամսյա աշխատավարձը, հավելավճար կամ պարգևավճար, օգտվել է ծառայողական աշխատասենյակից, մեքենայից, ստացել է վառելանյութ:

«Վահե Գրիգորյանը ամսական կոնկրետ ստացել է 793 հազար դրամ աշխատավարձ, որին գումարվել է պարգևավճար՝ 100-150 հազար դրամի չափով: Իմ տեղեկությամբ՝ նա ստացել է նաև 1180 լիտր վառելանյութ՝մեքենայի համար, և այսքանով հանդերձ մեկ տարվա ընթացքում՝ ընդհանուր 15 միլիոն դրամ՝ քաղաքացիներից ստացած հարկերի հաշվին: Ունեմ նաև տեղեկություններ, որ Վահե Գրիգորյանին մակագրված եղել են գործեր, որոնք չի կատարել»,-ասաց նա և խնդրեց հաստատել կամ հերքել այս տեղեկությունները:

Էդգար Ղազարյանը ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ ասաց, որ գրավոր հարցմանը կպատասխանեն՝ թվերի մեջ չսխալվելու համար: «Այո, Վահե Գրիգորյանը չի մասնակցել Սահմանադրական դատարանի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել Սահմանադրական դատարանին իրեն մակագրված գործերի նախնական ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, և նաև չի նախապատրաստել որոշման նախագծեր և այլ անհրաժեշտ նյութեր այն գործերով, որոնցով նշանակված է եղել որպես զեկուցող կամ համազեկուցող դատավոր»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am-ում