Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|
15:35 - 10 հունիսի, 2020

Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տնտեսության համար այդ բարդ օրերին նվազում է ոչ միայն արտահանումը, այլև՝ ներմուծումը։ Չնայած ընդհանուր ցուցանիշի նվազմանը՝ մի քանի երկրներից ներմուծումը շարունակում է աճել, օրինակ՝ Ռուսաստանից։ Ավելացել է սննդի ու հանքահումքային արտադրանքի ներմուծումը, իսկ մնացած խոշոր ապրանքատեսակները կրճատվել են։

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին (2020թ. հունվար-ապրիլին) Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 1 մլրդ 323 մլն դոլարի ապրանք։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումը կրճատվել է 11.5%-ով։

Այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 692 մլն դոլար՝ նվազելով 8.1%-ով։

Ինչպես Հայաստանի արտահանման, այնպես էլ ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Եվ ի տարբերություն մյուս խոշոր ուղղությունների, Ռուսաստանից ներմուծումը շարունակել է աճել։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան ներմուծված ապրանքների 34.9%-ը ռուսական ծագման են։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 462 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճելով 8.1%-ով։ 

Հայաստանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում մյուս ամենամեծ կշիռ ունեցող երկիրը Չինաստանն է։ Հունվար-ապրիլին Չինաստանի կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 14.2% է։ Բացարձակ թվով այն կազմել է մոտ 188 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 16.4%-ով։

Մյուս երկրներն անհամեմատ ավելի փոքր կշիռ ունեն Հայաստանի ներմուծման կազմում։ Չինաստանին հաջորդում են Իրանը (5.5%  տեսակարար կշռով) և Թուրքիան (4.7%-ով)։ 

Առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանն ու Բելառուսը։ Թվարկվածներից աճել է միայն Ուկրաինայից, Ֆրանսիայից և Բելառուսից կատարվող ներմուծումը։ Իսկ մնացած երկրների գծով անկում է գրանցվել։ 

Ներմուծման ծավալներն ու դրանց համեմատությունը 2019 թվականի հունվար-ապրիլի հետ, մանրամասն կարող եք տեսնել գրաֆիկում։ 

 

 

Հայաստանի ներմուծման կառուցվածքն, ի տարբերություն արտահանման, դիվերսիֆիկացված է։ Եթե արտահանվող ապրանքների մոտ 80%-ը զբաղեցնում են միայն չորս ապրանքախմբեր, ապա ներմուծման կազմում նման բարձր կենտրոնացվածություն չկա։

Ինչպես գրել ենք մեր նախորդ նյութում, Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարներն են հանքահումքը, պատրաստի սննդի արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ինչպես նաև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները, դրանցից պատրաստված իրերը։

Իսկ ներմուծման ապրանքային կառուցվածքում առավել մեծ կշիռ ունեն հանքահումքը, մեքենաներն ու սարքավորումները, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական արտադրանքը (այստեղ ներառված է նաև դեղորայքը), պատրաստի սննդի արտադարանքը, մանածագործական իրերը և այլն։

2020 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 261 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով ավելացել է։

Ավելացել է նաև պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը։ Աճը կազմել է 20.7%՝ հասնելով 119 մլն դոլարի։

Նույն ընթացքում ներմուծվել են 217 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է 10.9%-ով։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել