ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է, որ այսօր ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման  Բաբաջանյանի և իր կողմից հեղինակված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին:

«Հարկ եմ համարում հիշեցնել, որ սույն նախագիծը, որը համարում եմ մեկ և կես տարվա օրենսդիր գործունեությանս կարևորագույն աշխատանքներից մեկը, գալիս է փոխարինելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքին, որը, ըստ իս, այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, իմա՝ հնացած է: Իսկ ինչի՞ մասին է սույն նախագիծը:

Օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, ապահովել, օժանդակել և զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը:

Նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարանային դաշտի ստեղծում, ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում:

Օրինագծում ներկայացված են պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն որևէ սուբյեկտ կկարողանա համարվել ՀՀ-ում գործող տեսալսողական մեդիածառայություն: Նախագծի կարևորագույն նպատակներից մեկն էլ տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է: Նախագծով կարգավորվում է նաև մայրենի լեզվի անվտանգությունը. առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ, համաձայն որի, այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով»,- գրել է պատգամավորը: