Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|
14:12 - 11 հունիսի, 2020

Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի՝ ներկայացվում են ընդերքօգտագործման լայն խումբ հարցեր՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանք հիմնականում պատասխանատու ընդերքօգտագործող ունենալու, ընդերքը ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործելուն առնչվող հարցեր են:

«Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարեւոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ նախագիծը կբացառի նման հարցերը:

Նախարարը տեղեկացրեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում:

«Սա արվում է նրա համար, որ ցանկացած գործարար, որը ցանկանում է ներդրում կատարել, արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ նախագծով նաեւ իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարի: Որոշումն ընդունվեց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել