Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|
19:13 - 11 հունիսի, 2020

Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարը կառավարությունը ձախողել է, իսկ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխել։

«Ես կարծում եմ՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։ Եվ պետք է քննենք ու  հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։

Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը։ «Արդյոք Հայաստանն այսօր ունի խնդիրներ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այո, ունի ճիշտ այնքան, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ։ Արդյոք որոշ ուժեր ունեն խնդիրներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում։ Կան ուժեր, որոնք ոչ միայն խնդիր չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։

Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել