armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ. սկզբնական բյուջեն կազմել է 444,5 մլրդ դրամ, տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով՝ 465,5 մլրդ դրամ, որից ծախսվել է 97%-ը կամ 454 մլրդ դրամը: Այս կատարման տոկոսը չի նշանակում, որ եղել են պարտավորություններ, որոնց դիմաց վճարումներ չեն կատարվել»,- ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը հավելեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 121 միջոցառում: