Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ մեկուսացվածների նպաստի նախագծի մասին |armenpress.am|
13:19 - 12 հունիսի, 2020

Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ մեկուսացվածների նպաստի նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն որոշակի հաշվարկներ է իրականացրել անաշխատունակության նպաստի՝ մեկուսացվածներին նպաստ տալու նախագծի վերաբերյալ, այն շրջանառվում է շահագրգիռ կողմերի շրջանում՝ վերջնական կարծիքի համար:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս իմաստով մենք քաղաքականության հետ կապված որևէ խնդիր չունենք, քննարկել ենք և համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին մենք խնդրել ենք, որ նորից քննարկենք, որպեսզի նաև ֆինանսական գնահատականը հասկանանք: Նախարարությունը որոշակի հաշվարկներ իրականացրել է, և այժմ դա շրջանառել ենք շահագրգիռների շրջանում, որպեսզի վերջնական կարծիք ձևավորենք»,-ասաց Բաթոյանը:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձինք, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, սակայն երկրորդ ընթերցմամբ հեղինակի հորդորով նախագիծը չընդունվեց և ուղարկվեց առաջարկությունների ստացման փուլ: Հեղինակ Զեյնալյանը նշել էր, որ առկա են հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Նախարարությունից նշել էին, որ նախագծի հետ կապված կա ֆինանսական անորոշություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել