Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|
13:45 - 12 հունիսի, 2020

Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ` արտակարգ դրության ժամկետը երկարացնելու օրակարգով: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը` մինչ հուլիսի 13-ը: Հիմնական զեկուցողն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` որոշման պատճառն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և, ցավոք, կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել: Վարչապետը հիշեցրեց, որ մինչ այժմ երկրում հաստատվել է 15 հազար 281 ընդհանուր վարակակիր: Այս պահին ծանր վիճակում գտնվողների թիվը 425 է, ծայրահեղ ծանրերինը` 100: Կառավարության ղեկավարի խոսքով` կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկող ԲԿ-ները գերբեռնված վիճակում են, մահճակալային ֆոնդի և թթվածնային սարքերի սնուցման մահճակալների ձեռքբերումը շարունակվում է և այն շարունակական պրոցես է:

«Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը ճգնաժամային է, հիմնական հարցը, որը ծագում է, թե որն է ճգնաժամից դուրս գալու և վարակակիրների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել. կորոնավիրուսի հաղթահարումն այս պահին ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային ու կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է, իրավիճակը կարող է փոխվել միայն վարքագծային փոփոխություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ըստ տարբեր կանխատեսումների` կորոնավիրուսի համավարակը հինգ տարիների ընթացքում լինելու է ամբողջ աշխարհում:

«Այս ընթացքում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս անց կամ առաջիկա երեք տարիներին, հետևաբար այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք` հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույն սցենարին»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` անկախ Կառավարության ջանքերից, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանվեն, կորոնավիրուսի հաղթահարումը կդառնա անհնար:

Փաշինյանը ստեղծված իրավիճակում առաջարկեց բանաձև, որն, իր խոսքով, իրականացրել է իր ողջ քաղաքական կյանքում:

«Այն է` 1+1+1 ու այդպես միլիոնավոր մարդիկ, ես կոչ եմ անում գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ այն մի շաբաթվա և նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Մենք խնդիր ունենք հարմարվելու նոր իրողություններին, և էդ նոր աշխարհում որպես հանրություն խնդիր ունենք ապացուցելու մեր կենսունակությունը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել