Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է |fip.am|
14:23 - 12 հունիսի, 2020

Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է |fip.am|

fip.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 3-ին Վանաձորում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հեռացումից հետո բյուջե գումար չի վերադարձվել:

Մասնավորապես, նորաստեղծ կուսակցության վանաձորյան գրասենյակի բացման ժամանակ Վանեցյանը նշել էր. «…Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել»: 

ԱԱԾ նախկին տնօրենի պնդումն իրականությանը չի համապատասխանում: Խոսքը ԱԱԾ քննչական դեպարտամենտում կոռուպցիոն հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնված գումարների մասին է։ 

Նշենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2018 թ. մայիսի 10-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո: Մոտ մեկուկես տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին, նա ազատվել էր պաշտոնից։ Դրանից հետո Վանեցյանը հայտարարել էր, որ զբաղվելու է քաղաքականությամբ՝ սկսելով քննադատել գործող իշխանություններին։ Ընդդիմադիր կեցվածք ընդունած ԱԱԾ նախկին տնօրենը 2020 թ. մայիսին ընտրվել է աջ կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության նախագահ: 

Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո պետբյուջե վերադարձված գումարների չափը։

Ներկայացվածից պարզ է դառնում, որ նրա պաշտոնավարումից հետո ևս վերականգնվել  են միլիարդավոր դրամներ:

Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ամիսների ընթացքում (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր` 17 ամիս), բյուջե է վերականգնվել մոտ 16 մլրդ 874 մլն 166 հազար դրամ:

Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունիս (10 ամիս) ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3 մլրդ 943 մլն 670 հազար դրամ:

 

Հատկանշական է, որ Արթուր Վանեցյանի մատնանշած 43 միլիարդ դրամը վերականգնվել է ոչ միայն ԱԱԾ-ի, այլ բոլոր իրավապահ մարմինների (ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայություններ) կողմից իրականացված գործողությունների արդյունքում։ Եվ ինչպես տեսնում ենք, նրա հրաժարականից հետո միայն ԱԱԾ-ն կոռուպցիոն գործերով պետբյուջե է վերականգնել շուրջ 4 միլիարդ դրամ։   

Լուսինե Ոսկանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել