ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է արվեստագետների մասնագիտական աջակցման ծրագրեր մշակելու հարցը |armenpress.am|
20:08 - 12 հունիսի, 2020

ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է արվեստագետների մասնագիտական աջակցման ծրագրեր մշակելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով վատ վիճակում հայտնված անհատ ստեղծագործողներին աջակցելու նպատակով քննարկում է մասնագիտական աջակցման տարբեր ծրագրեր ու ձևաչափեր մշակելու հարցը՝ խորհրդակցելով անկախ արվեստագետների, ստեղծագործողների համայնքի հետ: Այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Անհատ ստեղծագործողների կամ ինքնազբաղ արվեստագետների հետ կապված խնդիրն այս ընթացքում առավելապես պայմանավորված է  ոչ թե նրանց փորձերի կազմակերպմամբ, որքան նրանց ֆինանսական վիճակով, որովհետև բոլոր հարթակները, որտեղ անհատ ստեղծագործողները կարող էին վաճառել իրենց աշխատանքի արդյունքը, ելույթներով հանդես գալ, կտավները ներկայացնել և այլն, այսօր հայտնի պատճառներով չեն գործում: Ըստ էության՝ ինքնազբաղ արվեստագետները ամենաանպաշտպան խավն են ոչ միայն այսօր. ճգնաժամը ավելի ակնհայտ դարձրեց նրանց սոցիալական վիճակի ճշտման անհրաժեշտությունը»,-շեշտեց Խզմալյանը:

Նա հիշեցրեց, որ պետական հաստատություններում աշխատող ստեղծագործողներն այս պահին ավելի ապահով են, քանի որ պետությունը պահպանել է նրանց աշխատավարձը:

«Հիմա մենք կառավարության հետ քննարկում ենք մասնագիտական աջակցման տարբեր ծրագրեր ու ձևաչափեր, շատ ակտիվ քննարկումներ ենք իրականացնում անկախ արվեստագետների, ստեղծագործողների համայնքի հետ: Մենք հասկանում ենք, որ խնդիրը միայն սոցիալական աջակցությունը չէ: Երբ փորձում ենք աջակցություն ձևավորել, հստակ պետք է  ձևակերպենք, թե պետական աջակցությունն ում է ուղղված, եթե չկարողանանք այդ չափորոշիչները մշակել և ձևակերպել, շատ դժվար կլինի որոշել աջակցության շրջանակները: Հիմա մենք լուրջ աշխատանքներ ենք տանում այդ չափորոշիչները ճշտելու համար, իսկ հեռանկարում նրանց սոցիալականացման  լրջագույն խնդիրը պետք է լուծել այդ թվում օրենսդրական  բերեփոխումների ճանապարհով»,-ընդգծեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ երբևէ պետական մակարդակով, կառավարական մակարդակով չի քննարկվել ազատ ստեղծագործողի կարգավիճակը մեր հասարակությունում:

«Եվրոպական չափանիշներով, երբ խոսում ենք  ազատ արվեստագետի, պետական կառույցներից դուրս գործող արվեստագետի մասին, նկատի ունենք նաև նրանց հարկային, ֆինանսաիրավական հարաբերությունը պետության հետ, գործընկերների հետ, հարաբերություններ, որոնցում պետական կառույցներից դուրս գործող շատ արվեստագետներ մեր իրականությունում ընդգրկված չեն: Օրինակ՝ կոմպոզիտորը կարող է ստեղծագործել և դուրս լինել սցիալական, հարկային ֆինանսական հարաբերություններից և այլն: Կա նուրբ հարց, թե ինչ ենք առաջարկում արվեստագետներին և ինչ ենք անկնկալում նրանցից»,- նշեց Խզմալյանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել