Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ․ ճարտարապետ Սերգո Տոնոյան
10:18 - 13 հունիսի, 2020

Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ․ ճարտարապետ Սերգո Տոնոյան

Սույն թվականի մայիսի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։ Դրանից հետո՝ մի քանի օր առաջ, Ֆիրդուսի թաղամասի՝ 19-րդ դարին թվագրվող շենքերի քանդման-կառուցապատման աշխատանքներն են սկսել։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։ Ընդ որում՝ հարցը քննարկվում է ոչ միայն պատմամշակութային ժառանգության պահպանության կոնտեքստում, այլ նաեւ իրավական։ Բանն այն է, որ, ինչպես պնդում է ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, տեղի ունեցող գործընթացն ուղղակի ապօրինի է, քանի որ լիազոր մարմինը՝ նախարարությունը՝ ի դեմս նշյալ գործակալության, չի տվել համաձայնություն։

Ի դեպ՝ երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարապարակում արեց՝ նշելով, որ մինչեւ ուշ երեկո ընթացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընգրկված է եղել հինգ հարց, որոնցից որեւէ մեկը Ֆիրդուսի կառուցապատմանը չի վերաբերել։ Սակայն ֆեյսբուքյան այս հրապարակման մեկնաբանություններում, ի պատասխան քաղաքացու դիտարկմանը, Մարությանը գրել է, որ այսօր այդ թեմայով ավագանու հանձնաժողովում քննարկում կա, որին մասնակցելու են նաեւ քաղաքացիական հասարակության եւ կառավարության ներկայացուցիչներ:

Ֆիրդուսի աղյուսե շինության քանդման աշխատանքների ու այդ տարածքի հետագա ճակատագրի մասին զրուցել ենք նաեւ ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանի հետ։

- Պարոն Տոնոյան, համավարակով պայմանավորված՝ կարծես մի ընթացք գոնե ակտիվորեն չէր քննարկվում Երեւանի պատմական միջավայրի պահպանության հարցը, բայց արդեն վերջին օրերին հանրային քննարկման ու քննադատության տիրույթում է Ֆիրդուսում 19-րդ դարավերջին թվագրվող շինության քանդման աշխատանքների խնդիրը։ Ի՞նչ է կատարվում այսօր։

 - Եթե համավարակի բռնկման ամենաթեժ շրջանում ակտիվորեն չէին քննարկվում Երեւանի քաղաքային պլանավորմանն ու հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրները, ապա դրան նախորդած ժամանակահատվածը՝ հատկապես նախորդ տարեվերջից սկսած, երբ ի հայտ եկավ Գրապալատի շենքի հարցը, իսկապես հագեցած էր ոլորտին վերաբերող ամենաթեժ քննարկումներով։ Ցավով ենք արձանագրում, որ պատկան մարմիններն այս դադարը ոչ միայն չօգտագործեցին կուտակված բազմաթիվ խնդիրները վերանայելու նպատակով, այլ անսպասելի կերպով, կարծես՝ թիկունքից, հարված հասցրին՝ սկսելով Ֆիրդուսու կառուցապատման խիստ վիճահարույց ծրագիրը։ Ի դեպ, մի ծրագիր, որի վերաբերյալ քննարկումները նույնպես բավական ակտիվ էին համավարակին նախորդած շրջանում։

- Վստահաբար լսել եք մեկնաբանություններ, թե այսօր կառավարող ուժը, այսպես ասած, կապ չունի տեղի ունեցողի հետ, ի վերջո Սերժ Սարգսյանի իշխանությունն է արտոնել այս թաղամասում կառուցապատումը։ Բացի այդ, պնդումներ են անում նաեւ, թե շենքը, որն այսօր քանդվում է, չկա հուշարձանների ցանկում։ Իսկ իրականում արդյոք այդ շինությունը, ինչպես կառավարության՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման մեջ է նշված, «խառը, անկանոն կառուցապատո՞ւմ է` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով», եւ արդյոք այդ տարածքում հնարավո՞ր չէ իրականացնել կառուցապատում՝ առանց այդ շինությունն ուղղակի վերացնելու։ 

- Գիտեք, արդեն հոգնեցուցիչ են այն փաստարկները, թե քաղաքաշինական այս կամ այն ծրագիրը հաստատվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Այդքանը բոլորս էլ հասկանում ենք, եւ մեր արդարացի պահանջն է՝ վերանայել այդ խայտառակ որոշումները։ Հարկավոր է կամք ցուցաբերել եւ առնվազն վերամշակել բոլոր վիճելի նախագծերը։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ քանդված շենքի հուշարձանների ցանկում չլինելու փաստարկին, ապա ձեր ուշադրությունը կհրավիրեի հետեւյալ համգամանքի վրա․ այո՛, թե այդ, թե մյուս հին շենքերը ներառված չեն պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակում, սակայն դրանք վերցված են հաշվառման, հետեւաբար շենքերի քանդումը դուրս է օրինականության սահմանից։ ԿԳՄՍ նախարարության ներսում առկա է լուրջ ճգնաժամ, եւ վերոբերյալ օրինակը դրա վառ ապացույցն է։ Ինչպե՞ս է ընթացել այդ շենքերը ցուցակում ներառելու աշխատանքը, ի՞նչ հիմավորումներ են բերվել, ովքե՞ր են որոշողները. այս հարցերի կապակցությամբ պարզաբանումներ պետք է ներկայացնի նախարարությունը։

Իսկ թե հնարավո՞ր է առանց այդ շենքերը քանդելու իրականացնել Ֆիրդուսու տարածքի կառուցապատումը, ապա պետք է նկատենք, որ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագծով՝ ոչ, հնարավոր չէ։ Բայց խնդիրն էլ հենց այդ նախագծի ամբողջական վերանայումն է, մի գործ, որը, ինչպես արդեն նշեցի, պահանջում է կամք եւ ցանկություն՝ գործող իշխանության կողմից։

-Ձեր կարծիքով՝ այս բնագավառում շարունակվում է նախկինների քաղաքականությո՞ւնը։ Ըստ Ձեզ՝ հետհեղափոխական Հայաստանում բիզնեսին խթանելու ու ներդրումային քաղաքականությունը կարո՞ղ է խաթարել մայրաքաղաքի պատմական միջավայրը։ Օրինակ, պատմության եւ մշակույթի հուշարձանների գործակալության պետն այս համոզմանն է։ 

-Ոչ միայն շարունակվում է նախկինների քաղաքականությունը, այլ ավելի են խորանում այդ քաղաքականության հետեւանքով առաջ եկած խնդիրները։ Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ։ Այս բոլոր ծրագրերը որեւէ առնչություն չունեն քաղաքի, քաղաքային միջավայրի, դրա պատմական շերտերի պահպանության գաղափարների հետ։  

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ֆիրդուսում նախատեսվող կառուցապատման նախագծի հեղինակի մասին գերատեսչությունները պաշտոնական տեղեկություն չէին տալիս։ Սակայն ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ մասնագիտական շրջանակները բազմիցս գրել են, որ հեղինակը Նարեկ Սարգսյանն է՝ Քաղաքաշինության նախկին նախարարը։ Վերջինս անձամբ տարբեր հարցազրույցներում խոսել է Ֆիրդուսի նախագծի մասին՝ ընդ որում՝ իր պաշտոնավարման տարիներին։ Այստեղ հնարավոր օրինախախտում տեսնո՞ւմ եք։ 

- Արդեն պաշտոնապես հաստատվել է Նարեկ Սարգսյանի՝ նախագծի հեղինակը լինելու փաստը։ Սրան պետք է հետեւի ձեր նշած ենթադրյալ օրինախախտումը հետաքննելու հարցը։ Առհասարակ, ոչ միայն անձամբ Նարեկ Սարգսյանի գործունեությունը, այլեւ անցյալ երկու տասնամյակներում քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ ծրագրերը պետք է մանրադիտակով ուսումնասիրության առարկա դառնան։ Վստահեցնում եմ ձեզ՝ բացահայտումների ծավալն իսկապես աննախադեպ է լինելու։

- Ինչպե՞ս է հնարավոր լուծել այս խնդիրը, ի՞նչ կարող է եւ պետք է անի քաղհասարակությունը, ի՞նչ քայլեր են նախատեսվում, եւ ի վերջո հնարավո՞ր է փրկել այդ տարածքի պատմական շենքերը։ 

- Քաղհասարակությունը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հետեւողականորեն շարունակելու է պայքարը։ Ցավոք, մեր հույսերը, որ նոր իշխանությունները այս դժվարին գործում հնարավոր եւ տրամաբանական սահմաններում կաջակցեն մեզ, չարդարացան։

Մեկտեղելով բոլորիս ջանքերը, կարելի էր հասնել բոլորովին ուրիշ արդյունքների, լրջագույն եւ ծանրակշիռ բարեփոխումների։ Ֆիրդուսու կառուցապատման ծրագիրը հիանալի առիթ է այդպիսի համագործակցության համար, սակայն իշխանությունն առայժմ լուռ է, ինչը որեւէ դեպքում չպետք է թեւաթափ անի քաղհասարակությանը։ Համավարակի պայմաններում, մեր գործիքակազմը շատ ավելի սեղմ է, հատկապես տեղում միջոցառումներ կազմակերպելու հարցում, սակայն վճռականության մասով՝ թող ոչ ոք կասկածներ չունենա։

Իսկ թեմայի վերաբերյալ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել