«Ժառանգություն»-ն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները
21:24 - 14 հունիսի, 2020

«Ժառանգություն»-ն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները՝  անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:

Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչև ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն և հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում:

Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական և քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի և անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է:

«Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել և ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել