Ինչու է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ |civilnet.am|

13:50 - 15 հունիսի, 2020

civilnet.am: Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում է կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին: Թեմայի շուրջ Արշալույս Մղդեսյանը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիայի ոլորտը համակարգող տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: Հարցազրույցը որոշ խմբագրումներով և կրճատումներով՝ ստորև։

Պարոն Վարդանյան, հունիսի 8-ին նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվլ է Հայկական ատոմակայանի արդիականացման համար ռուսական վարկից։ Խոսքը 270 մլն դոլար վարկային և մոտ 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների մասին է, որոնք ուղղվելու էին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանը։ Ինչո՞ւ կայացվեց այս որոշումը։ Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հետագայում շարունակելու վարկ վերցնելը։

Նախ ուզում եմ նշել, որ ձեր ասած գումարը՝ ընդհանուր 300 մլն դոլար վարկը և դրամաշնորհը, ունեին օգտագործման ժամկետ, որն ավարտվել է 2019-ի դեկտեմբերի 31-ին։ 2018-ի վերջից և 2019-ի ամբողջ ընթացքում մենք բանակցել ենք վարկի մնացորդային չօգտագործված մասի ժամկետի երկարացման շուրջ։ Այդ ընթացքում քննարկվեցին բոլոր հնարավոր տարբերակները, և ի վերջո վարկի ժամկետը չերկարացնելու որոշում կայացվեց։ Այսինքն` սեփական միջոցներով ենք շարունակելու արդիականացումը, քանի որ կար տարբեր գործոնների ազդեցություն․ վարկի օգտագործման պայմաններն ու ճկունությունը, մեր հետագա աշխատանքների գրաֆիկներում որոշակի անհամապատասխանությունները։  

Եթե հիշում եք, դեկտեմբերին կառավարությունը վարկի մնացորդային մասի երկարացմանը հավանություն էր տվել, սակայն մեր ռուս գործընկերներն արդեն իսկ այդ մնացորդային մասի ժամկետի երկարացման համար առաջարկեցին պայմաններ, ինչն ուղղակի աշխատանքների անհամապատասխանություն էր առաջացնելու։ Գնահատեցինք իրավիճակը, հասկացանք, որ մեզ պետք են ավելի ճկուն պայմաններով դրամական միջոցներ, ինչը չէր ապահովվում այդ վարկով, և այդ պատճառով նման որոշում կայացվեց։

Այսինքն՝ ի՞նչ էր առաջարկում ռուսական կողմը, որին հայկական կողմը չհամաձայնեց․ որովհետև չէ՞ր համապատասխանում աշխատանքների գրաֆիկին, ինչպես դուք եք նշում։

2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքներ, որոնց կատարման ժամկետը գերազանցում էր վարկի օգտագործման այն ժամանակվա ժամկետը, այսինքն՝ 2019-ի դեկտեմեբրի 31-ը, խնդիր ունեին: Վարկով նախատեսված պայմանագրերը չէին կնքվում: Վարկային համաձայնագրով այդպես էր նախատեսված, որ վարկից ֆինանսավորվող աշխատանքների ավարտը պետք է նախանշված լինի վարկային համաձայնագրի ավարտի հետ։ Սա բերեց մի վիճակի, երբ մեզ մոտ ունեցանք մեծ մնացորդ, այսինքն՝ պայմանական ասեմ, աշխատանքները, որ կարող էին 90 տոկոսով ավարտված լինել, 90 տոկոսով վճարումները կատարված լինեին մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, ուղղակի չսկսվեցին: 

Աշխատանքների իրականացման գրաֆիկն ու վարկի գրաֆիկն իր պայմաններով սկսեցին միմյանց չհամապատասխանել: Դա ամենամեծ խնդիրն էր, որ մենք փորձում էինք բանակցել: Ասում էինք՝ ենթադրենք՝ գնանք երկարացման,- կամ նույնիսկ եթե չգնայինք երկարացման,- եկեք անենք այնքանը, ինչ կհասցնենք վարկի օգտագործման ժամկետում, դրանից հետո, եթե կմնա չկատարված աշխատանքի որոշակի ծավալ, և վարկը ծայրահեղ դեպքում չի երկարացվի, մենք այդ վճարումները կանենք այլ միջոցների հաշվին: Կներգրավենք այլ վարկ կամ կանենք սեփական միջոցների հաշվին։ Այդ ճկունությունը չունեինք։  

Վարկի երկարացման նախագծով ժամկետը նախատեսվում էր ձգել մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը, սակայն արդեն ապրիլն էր, և մենք դեռ չունեինք երկարացված վարկ։ Պատկերացրե՛ք այն բոլոր աշխատանքները, որոնք, օրինակ, կարող էին տևել մեկուկես-երկու տարուց ավելի, դեռ  չէին սկսվել։ Այսինքն՝ ստորագրելու դեպքում ևս այդ աշխատանքները նորից չսկսելու փաստի առաջ էինք կանգնելու, իսկ այդ ընթացքում վարկի կառավարման, ծրագրի կառավարման համար «Ռոսատոմ Սերվիս» ընկերության վճար գոյություն ուներ։ Վճարում էինք դա, ժամանակն ացնում էր, և չէինք տեսնում այն հանգամանքները, որ սկսեինք, օրինակ՝ ենթակայանի կառուցումը, որը շատ ավելի երկար էր տևելու, քան երկու տարին է։ 

Եթե մենք համաձայնության եկած լինեինք, օրինակ, 2019-ի սկզբին, միգուցե այդ ժամանակ սկսեինք ենթակայանի կառուցումը, 2021-ի վերջին հնարավոր լիներ ավարտել։ Բայց չէինք եկել համաձայնության, և 2020-ին նոր պետք է կնքեինք վարկի երկարաձգման պայմանագիրը: Ուստի կրկին վարկային պայմանագրի ժամկետում հնարավոր չէր լինի, օրինակ, ենթակայանի, դիզել-գեներատորային կայանի կառուցումը։ Մենք դրա համար փորձում էինք ծրագրի կառավարման վճարը դարձնել տոկոսային, այսինքն՝ ինչքան աշխատանք կատարվի, դրա համապատասխան որոշակի տոկոս կգումարվի։ Մեր գործընկերներն ասում էին, որ իրենց ծախսերը դրանից չեն պակասում, ծառայություն մատուցողը նույն անձնակազմը պահում է՝ անկախ նրանից, թե մենք շատ աշխատանք կանենք, թե չենք անի։ Միգուցե օբյեկտիվ էին ասում, չեմ կարող ասել, և իրենք, այսպես ասած, timebased [ժամանակահեն - խմբ․] պայմանագիր էին մեզ առաջարկում։ Այսինքն՝ կարող էր ստեղծվել իրավիճակ, որ մենք էլի այդ ժամանակում ամբողջական աշխատանքը, նույնիսկ դրա կեսը չանեինք, բայց ծառայության վճարները վճարեինք ամբողջությամբ։ Սա երկրորդ պայմանն էր։

Երրորդը՝ վարկի հետագա օգտագործման համար կա լրացուցիչ պայման, որ վարկի 80 տոկոսով աշխատանքները պետք է իրականացնեին ռուսական ընկերությունները և ռուսական արտադրանքով։ Ու դա վերաբերում էր նրան, որ նույնիսկ եթե ռուսական ընկերությունը մրցույթը շահում է, կատարում է աշխատանքը, և օգտագործում է, դիցուք, այլ երկրի արտադրանք, դա մնացած 20 տոկոսից դուրս էր գալիս։ Եվ մինչև այդ, արդեն իսկ ծախսած գումարի մեջ այդ հարաբերակցությունը որոշակի չափով  չէր պահվել: Ասում էին՝ արդեն իսկ այդ 20 տոկոսի մեծ մասը դուրս է եկել։ Ստացվում է, որ միայն ռուսական ընկերություններն էին կարողանալու մասնակցել մրցույթներին։ Սա բերում էր նաև մի մտահոգության, որ միգուցե այդ նույն ընկերությունները, իմանալով, որ չկա մրցակցություն, հնարավորությունը միայն իրենցն է, կարող է շատ ավելի թանկ առաջարկ անեին։ 

Եվ այդպես, բավական երկար շատ մանր խնդիրներ քննարկվեցին, և հիմնականը այն էր, որ քանի որ ատոմակայանում էլ աշխատանքները միջպլանային նախազգուշական վերանորոգման փուլում են, այսինքն՝ շատ սեղմ են ժամկետները, պետք է շատ հստակ պլանավորել ամեն բան: Շատ կարևոր նրբերանգներ կան այս գործում: Եթե այդ գործը հինգ օր ուշացավ ինչ-որ պատճառներով, այն մնում է մյուս տարի։ Այսպիսի երևույթներ լինում են։ Հիմա էլ չեն կարող բացառել հարյուր տոկոսով նմանատիպ զարգացումները, այսինքն՝ այս ոչ ճկուն վիճակը ծրագրին մտահոգություն էր տալիս, որ մենք էլի երկու տարի հետո նորից կկանգնենք մի իրավիճակի առաջ, որ չկարողացանք շատ գործ անել։ 

Հիմա, եթե մենք չունենայինք այդ սահմանափակումները, ատոմակայանի պրոֆեսիոնալ կարծիքով, վարկի մնացորդը ոչ թե կլիներ 107 միլիոն, այլ կարող էր լինել 30, 40, մաքսիմում 50 միլիոն, այսինքն՝ մենք ահագին աշխատանք կարող էինք սկսած լինել։ Չէինք կարողանում սկսել, որովհետև հնարավոր է՝ մի ամիս գերազանցեին վարկի օգտագործման ժամկետը: Հաշվի առնելով այդ հանգամանքները, հաշվի առնելով նաև այն, որ կան աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն ռուսական ընկերության միջոցով, առանձնացրեցինք այդ աշխատանքներն ու գործընկերների հետ հասկացանք, որ ավելի ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ են պետք: Հենց այդ ճանապարհով էլ շարժվեցինք։

Պարոն Վարդանյան, վարկի մնացորդից հրաժարվելը, այսպես ասած, կոշտ որոշում է: Այսինքն՝ նշանակում է՝ համաձայնությունների չեք եկել։ Ինչո՞ւ ռուսական կողմը չգտնվեց այդքան ճկուն։ Դուք այդ հարցի պատասխանն ունե՞ք։ Ինչո՞ւ նրանք չգնացին ճկուն պայմաններ առաջադրելու ճանապարհով։

Եկեք այսպես նայենք։ Իրենք շատ երկրների են արտահանման նմանատիպ վարկեր տալիս, և կա որոշակի քաղաքականություն, արտահանման վարկի օգտագործման քաղաքականություն: Ռուս գործընկերների մեկնաբանմամբ,- որը, իմ կարծիքով, ընդունելի է,- մեկի հետ պայմանների փոփոխությունը տանելու է մյուսների հետ փոփոխության։ Երևի այս ոլորտում ամենափոքր արտահանման վարկը մենք ենք իրենցից վերցրել, իսկ այլ երկրներինը մի 20 անգամ ավելի մեծ է։ 

Իրենք ասում էին՝ սա փոփոխելը նշանակում է փոփոխել բոլորի համար։ Մեզ համար ընդունելի էր: Ուստի չէի ասի, որ սա ծայրահեղ քայլ է և հարաբերությունների որոշակի ինչ-որ փոփոխություն։ Ինձ թվում է՝ նույն «Ռոսատոմ»-ի համար էլ էր ավելի հեշտ աշխատել ավելի ճկուն պայմաններով, որովհետև, օրինակ, 20/80 հարաբերակցությունը մեր համաձայնագրում նախկինում չկար, ինչը, «Ռոսատոմ»-ի մեկնաբանմամբ, ժամանակին ուղղակի բացթողում է եղել: Բայց «Ռոսատոմ Սերվիս»-ի և ՌԴ ֆինանսների նախարարության միջև այդպիսի պայմանագիր եղել է, ու հիմա իրենք որոշակի տուգանքներ են վճարում, որ խախտվել է 20/80 հարաբերակցությունը։ Սրանք ընդհանուր դրույթներ են իրենց արտահանման վարկի համար։ 

Ծրագրային բոլոր վարկերը, լինի դա KFW-ի, Ռուսաաստանի, Համաշխարհային բանկի, ունեն իրենց պահանջները, իրենց աշխատելու կանոնները։ Մենք ուղղակի հասկացանք, որ ծրագրային վարկերը խնդիրներ են առաջացնում այս պարագայում, որովհետև մի քիչ ստանդարտից դուրս պրոցես է։ Ատոմակայանն աշխատանքին զուգահեռ իրականացնում է շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներ, որը եզակի է աշխարհում։ Այսինքն՝ դժվար էր այդ երկուսը իրար հետ կառավարելը։ Երբ վերլուծեցինք, հասկացանք, որ շատ բացթողումներ, ուշացումներ նաև եղել են որոշակի ոչ ճկունության պատճառով։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել