Շահութահարկի կանխավճարի տարբերակը կընտրվի ի օգուտ տնտեսվարողի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|
18:30 - 16 հունիսի, 2020

Շահութահարկի կանխավճարի տարբերակը կընտրվի ի օգուտ տնտեսվարողի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված շահութահարկի կանխավճարների համակարգը վերանայող նախագիծը, որն ըստ էության հակաճգնաժամային նոր գործիք է առաջարկում: ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հունիսի 16-ի արտահերթ նիստում ստացավ 97 կողմ ձայն:

Օրենսդրությամբ շահութահարկի կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կանոններով՝ հիմք է ընդունվում նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսը, իսկ եթե հարկ վճարողն ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսը:

Շահութահարկի կանխավճարների  կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը վերջնաժամկետով: Սակայն շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչև մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով  հաշվարկման հնարավորությունից:

Օրենքի նախագծով առաջարկվում է լուծել այս խնդիրը: Այսպիսով սահմանվում է, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի կամ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Վերացվում է կանխավճարների որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Սա ոչ թե ժամանակավոր միջոցառում է, այլ ըստ էության միջոցառում է՝միտված ապագային՝ ունենալու ավելի նպաստավոր հարկային միջավայր:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկներ չեն եղել, հետևաբար նախագծում փոփոխություն չի կատարվել: «Սա նախագիծ է, որով առաջարկվում են համակարգային լուծումներ՝ ընդ որում երկար ժամկետի համար, նպատակ ունի բարելավել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների հարկային միջավայրը, նպաստել նրանց շրջանառու ֆինանսական ռեսուրսների հետ կապված խնդրի լուծմանը:

Այս նախագծի ընդունումը կարևոր քայլ ենք կատարում մեր տնտեսության կենսունակության բարձրացման գործում և ըստ էության ձևավորում ենք ավելի գրավիչ հարկային միջավայր՝ ստեղծելով տնտեսական աճի՝ մեզ համարց ցանկալի տեմպերը հնարավոր կարճ ժամկետում վերականգնելու ևս մեկ կարևոր նախադրյալ»,- ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել