Սեւանում այրել են քաղաքացու մեքենան. նա դա քաղաքապետին քննադատելու արձագանք է համարում, քաղաքապետը բացառում է դրանց կապը |armtimes.com|
12:28 - 17 հունիսի, 2020

Սեւանում այրել են քաղաքացու մեքենան. նա դա քաղաքապետին քննադատելու արձագանք է համարում, քաղաքապետը բացառում է դրանց կապը |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 16-ի առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում այրել են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի մեքենան (Toyota camry): Քաղաքացին արթնացել է տագնապած հարեւանների դռան թակոցից, որոնք էլ վերջինիս հայտնել են այդ լուրը:

«Պատուհանից տեսա կարմիր լույսն ու միանգամից հասկացա, որ դա այրվող մեքենաս է: Հնարավոր է, որ դա արվել է մի քանի օր շարունակ իմ կողմից արված տարբեր տեսաուղերձների պատճառով, որոնք ուղղված են եղել Սեւանի քաղաքապետի անգործությանը: Փաստորեն, օրեր շարունակ որեւէ արձագանք չստացած իմ բարձրացրած խնդիրների արձագանքն այսպիսին էր: Սա եղավ, երբ սկսեցի խոսել Սեւանի քաղաքապետի անգործության, ներդրումների ներգրավմանը խոչընդոտելու ու քաղաքի թշվառ վիճակի մասին»,- վրդովված պատմեց Արտակ Տեր-Գրիգորյանը: Վերջինս մանրամասնեց նաեւ իր տեսաուղերձներն ու վերջին շրջանում Սեւան քաղաքում կատարվող խնդրահարույց երեւույթները:

Մեքենան այրելու մեջ քաղաքացին կոնկրետ անձի չի կասկածում: Մեր զրույցում նշեց, որ ոչ մեկի հետ որեւէ անձանական խնդիր կամ կոնֆլիկտ երբեւէ չի ունեցել եւ բացառում է, որ ինչ-որ մեկը կարող էր այդ քայլին դիմել անձնական դրդապատճառներից ելնելով: Նրա խոսքով՝ միակ հավանական տարբերակը՝ այս մեթոդով իրեն լռեցնել է:

Հարեւանները զանգահարել են 911 ծառայություն: Կրակը հանգցնելուց հետո մեքենայի դիմացի հատվածն ամբողջովին այրված է եղել: «Գլխավոր մասնագետն իր բանավոր կարծիքը հայտնեց, որ ակնհայտորեն մեքենան վառված է դիտավորությամբ, ասաց, որ իրենք կզեկուցեն նաեւ ոստիկանություն»,- պատմեց Տեր-Գրիգորյանը՝ հավելելով որ ինքը ոստիկանություն չի դիմել:

Տեղի ոստիկանությունից դեռ չեն արձագանքել կատարվածին, ոչ էլ գնացել են դեպքի վայր: Քաղաքացին նկատեց՝ հույս էլ չունի, թե տեղի ոստիկանությունը գործին ընթացք տա կամ բացահայտի, թե դա ում ձեռքի գործն է:

Արտակ Տեր-Գրիգորյանը Թավշյա հեղափոխությունից հետո արտերկրից Հայաստան ներգաղթած քաղաքացիների թվին է պատկանում: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է վերադարձել 2018 թվականի մայիսին: Մեծ ներդրումային ծրագրով ու բազմաթիվ նպատակներով, որոնք սակայն մինչեւ օրս չի կարողանում իրականացնել: Ըստ նրա՝ խոչընդոտում են տեղի քաղաքային իշանությունները:

«Սեւանի համար հսկայական ներդրումային ծրագիր էինք բերել, որը տեղի համայնքապետարանի կողմից որեւէ աջակցություն չստացավ, մեզ անգամ չուղղորդեցին, թե որ պատկան մարմններին դիմենք: Ահռելի մեծ սոցծրագիր էինք անելու: Ներդրումային ծրագրով ստեղծվող կազմակերպությունն ամեն տարի 1 միլիոն դոլար էր նվիրաբերելու քաղաքին, բայց դա տապալվեց: Մարզպետարանը, որտեղ գնացել ու տեղեկացրել էի ծրագրի մասին, ոչինչ չարեց, եւ իրենք, եւ Սեւանի քաղաքապետարանը շահագրգռված չեն որեւէ լավ բան անելու: Երեկ մարզպետի մոտ էի, լսեցի, որ անգամ դա չի զեկուցվել իրեն, հանցավոր անգործություն է տիրում»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքացու համոզմամբ՝ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի «տիրապետության» տակ գտնվող քաղաքում ոչինչ էլ հնարավոր չի լինի անել: Ավելին՝ այստեղ չեն լուծվում անգամ մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված տարրական խնդիրները: Քաղաքի հրապարակից դեպի շուկա գնացող գլխավոր ճանապարհի հետիոտնային անցումի մասին է խոսքը, որտեղ անգամ նորմալ լուսացույց չկա, ինչն էլ վրաերթերի պատճառ է դառնում:

Քաղաքացին պատմեց, որ անցումի թերի լինելու պատճառով 2019 թվականին վրաերթի են ենթարկվել վերջինիս կինն ու 10 տարեկան երեխան, կինը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո եւս երկու նման դեպք է գրանցվել այլ անձանց երեխաների հետ: «Բարձարձայնեցի խնդիրը, բայց շարունակվում է չլուծվել: Ոչ մի կերպ չենք կարողնում հասնել հետիոտնային անցման անվտանգությունն ապահովելուն: Ի՞նչ անենք, դա՞ էլ վարչապետի մակարդով լուծել տանք»,- ասաց Արտակը՝ հավելելով քաղաքապետը ոչինչ չի անում, իսկ նրա հասցեին հնչած քննադատությունները անհետեւանք չեն մնում:

Ըստ մեր զրուցակցի՝ վերը նշված եւ բազմաթիվ նմանատիպ խնդիրներ տեւական ժամանակ է բարձրաձայնում է ֆեյսբուքյան տեսանյութերի միջոցով, սակայն դրանց ոչ մի արձագանք չի տրվում քաղաքապետի կողմից: Խնդիրների լուծումը հենց նրա տիրույթում են:

Բացի դա, Արտակ Տեր-Գրիգորյանը հայտնեց, որ Սեւան քաղաքում ծայրահեղ անառողջ ու վախի մթնոլորտ է սկսել տիրել: Քաղաքացու խոսքով՝ իր խնդիրները բարձրաձայնող  տեսանյութերի տակ անհարկի արտահայտություններ, անգամ որոշ դեպքերում սպառնալիքներ են հնչում:

«Ամբողջ քաղաքը խոսում է նրա մասին, որ իրենց կարծիքը արտահայտող անձանց վախեցնում եւ ահաբեկում են, անգամ դա հասնում է նրան, որ մարդիկ ջնջում են սեփական  մեկնաբանությունները, քանի որ վախենում են աշխատանք կորցնել կամ խնդիրներ ունենալ: Վախի մթնոլորտում որոշները ստիպված են լինում լռել անգամ ամենահրատապ հարցերի մասին»,- ասաց նա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել