Նորակոչիկներին տրվող Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի սղություն կա. խնդրի լուծման համար բանակցում են ՄԱԿ-ի հետ |armtimes.com|
13:54 - 17 հունիսի, 2020

Նորակոչիկներին տրվող Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի սղություն կա. խնդրի լուծման համար բանակցում են ՄԱԿ-ի հետ |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում օրեր առաջ ասել էր, որ Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի ձեռքբերման պրոբլեմ ունենք, «քանի որ կիսաֆեյք մի ՍՊԸ հաղթել է մրցույթում ու չի մատակարարել, քանի որ գիտի՝ ոչ մի վնաս չի կրելու»: Նախարարը նշել էր նաև, որ այս պատվաստանյութը, որի սղությունը, փաստորեն, կա, տրվում է բանակ զորակոչվող տղաներին:

Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց, որ խնդրի լուծման համար առողջապահության նախարարությունը սկսել է բանակցություններ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ: «Այսուհետ, ինչպես մյուս պատվաստանյութերը, այնպես էլ Հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութը ձեռք կբերվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով»,- նշեց նա:

Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն՝ Հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները կատարվում է նախազորակոչային տարիքի անձանց շրջանում՝ 16-17 տարեկանում: Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ առաջիկա զորակոչի ենթակա անձանց շուրջ 90%-ը արդեն իսկ պատվաստված է. «Հանրապետությունում առկա է պատվաստանյութի որոշակի պաշար, որը ծախսվում է միայն առաջիկա զորակոչի ենթակա անձանց պատվաստումներ կատարելու համար: Նոր ձեռք բերվող պատվաստանյութը անհրաժեշտ է՝ հետագա պատվաստումները կազմակերպելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել