Կառավարության որոշմամբ խնամքի նպաստ կստանա երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը
11:46 - 18 հունիսի, 2020

Կառավարության որոշմամբ խնամքի նպաստ կստանա երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը

Կառավարությունը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածում։ 

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: 

Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ 

Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ:

Առաջարկվում է նաև.
խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս,
խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս,
սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար,
վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը (հետևաբար՝ ծնողի՝ ՀՀ-ից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները)։
Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել