Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց շտապօգնության ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
16:56 - 18 հունիսի, 2020

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց շտապօգնության ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդականի և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ մասնակցել է շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը, հանդիպում և քննարկում ունեցել բուժանձնակազմի հետ, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել բժշկական կենտրոնում  աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը:

Արձանագրվել է, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, չեն եղել համավարակի խոշոր օջախային բռնկումներ: 

Մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված ծրագրերի շրջանակում այսօր մեկ կարևոր ձեռքբերում է արձանագրվեl՝ շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր ու վերազինված բաժանմունքի շահագործումը: Մյուս կարևոր և առավել մաստաբային քայլը լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Համավարակի պատճառած անհարմարությունները չպետք է խանգարեն կյանքի կոչել այս կարևորագույն ծրագիրը:

Մարզպետը ևս մեկ անգամ փաստել է, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է: Քայլ առ քայլ կյանքի կկոչվեն բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածքի փնտրտուքների մեջ են: Ունենալու ենք արդի սարքավորումներով բժշկական կենտրոն, որն առաջատար է դառնալու տարածաշրջանում: Ընթացքի մեջ են նախագծանախահաշվային աշխատանքները: Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին:

Մարզպետն իր եզրափակիչ խոսքում հավելեց, որ ճիշտ է, համավարակը բավականին շեղեց տնտեսական զարգացման արագ ընթացքից, բայց դա չի կարող խոչընդոտել Կոտայքի մարզի զարգացմանն ու կոտայքցու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Այս տարի Կոտայքի մարզից Կառավարությանն է ներկայացվել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել