Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին․ Վարազդատ Կարապետյան  |lragir.am|
17:15 - 18 հունիսի, 2020

Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին․ Վարազդատ Կարապետյան |lragir.am|

lragir.am: Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին և պետական կառավարմանը։ Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Այն մեխանիզմը, որով հանրությունը պետք է կարողանար վերահսկել քաղաքական համակարգը՝ ընտրությունների մեխանիզմը, եղել է ախտահարված։ Հիմա մենք պետք է հոգ տանենք, որ ընդհանրապես ընտրությունների մեխանիզմը կարողանանք քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից զերծ պահել։ Մենք վերջին օրերին շատ ենք խոսում այս թեմայով, սա նաև թեժ քննարկումների թեմա դարձավ ԱԺ դահլիճում։

Ես կարծում եմ՝ հանրային համաձայնություն այս հարցում հնարավոր է, եթե մեր ժողովրդի մեջ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր մասնակից են եղել ընտրական համակարգի ձևախեղմանը, խոստովանեն այդ մեղքը։ Եվ մենք այս արատի դեմ կկարողանանք պայքարել միայն այն դեպքում, եթե որպես հանրություն կկարողանանք խոստովանել և հասկանալ այն ահավոր աղետը, որը մեր երկրում տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում՝ ընտրական համակարգը ձևախեղելու պատճառով։ Եթե չլինի այս խոստովանությունը, եթե մշտապես հանդիպենք արդարացումների, միակ գործուն մեթոդը կմնա պատիժը»,- ասաց նա։

Վարազդատ Կարապետյանը նշեց, որ պետք է լինի հանրային համաձայնություն՝ մեր երկրից այս ախտը վերացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքներն, ըստ նրա, պետք է վաղուց սկսվեին։ «Պարտավոր ենք օր առաջ սկսել, քանի որ չենք կարող սպասել, թե երբ իրավական համակարգը հերթական օրինակները կբացահայտի։ Եվ կարծում եմ՝ որպես հանրային համաձայնության արտահայտման ձև՝ բոլոր ուժերը, անձինք, ովքեր նպաստել են ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին և պետական կառավարմանը։ Սա կլինի խոհեմ որոշում մեր հանրության կողմից՝ այս ախտը վերացնելու համար»,- հավելեց նա։

Ընտրական օրենսգրքի նախագիծն, ըստ Կարապետյանի, նպատակ է հետապնդում քաղաքական որոշումների կայացման համակարգը տարանջատել վարչական համակարգից, որպեսզի հանրությունը կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի վրա։ Հակառակ դեպքում, քաղաքական համակարգը բրգաձև է դարձնում մեր հանրային կյանքը։ «Եվ եթե հանկարծ արտաքին ազդեցության է սկսում ենթարկվել, մեր ամբողջ երկիրը դառնում է արտաքին ազդեցության զոհ։ Սա հրատապ հարց է, որը պետք է սկսել լուծել այսօր»,- նշեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել