ԱԱՏՄ-ն Արտաշատի ստուգայցերի  ժամանակ ամենամտահոգիչ խախտումները հայտնաբերել է ատամնաբուժարաններում
18:35 - 18 հունիսի, 2020

ԱԱՏՄ-ն Արտաշատի ստուգայցերի ժամանակ ամենամտահոգիչ խախտումները հայտնաբերել է ատամնաբուժարաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն հունիսի 18-ին ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

««Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։

 

ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․  մանրէազերծող նյութերի, լուծույթների տարողությունները մակնշված չեն, նյութի անվանումը, խտությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը նշված չեն, գրանցամատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափին, որոշ դեպքերում թափոնների վարման գրանցամատյանը բացակայում է, դրանց տարաները մակնշված չեն։

Արտադրամասերում նկատվող հաճախակի խախտումներից են փակվող աղբամանների քանակի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշ դեպքերում չի պահպանվում անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, տեսանելի վայրում բացակայում են իրազեկման թերթիկները։ Միաժամանակ, «Արարատ» հանքային ջրերի գործարանում արդի տեխնոլոգիական պայմաններում էական խախտումներ չեն գրանցվել. Ախտահանման հատուկ ընթացակարգ է սահմանված։

Խախտումները հաճախակի են նաև գեղեցկության սրահներում․ այստեղ սրբիչների և հիգիենայի պարագաների ամենօրյա լվացքը չի կազմակերպվում սահմանված նորմերին համապատասխան, հաճախորդների ջերմաչափման տվյալները չեն գրանցվում մատյանում, օդը չի վարակազերծվում, աշխատակիցներն օրը 2 անգամ չեն ջերմաչափվում։

Առևտրի կետերում հաճախակի են կուտակումները, երբեմն բացակայում են գծանշումները, իրազեկման թերթիկները, ջերմաչափման գրանցամատյանը՝ սահմանված ձևին համապատասխան։

ԱԱՏՄ արձանագրած խախտումները ներկայացվում են պարետին, դրանց հիմքով կայացվում են ժամանակավոր կասեցման որոշումներ։ 

ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ամեն օր։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման կամ կոպիտ խախտումների դեպքում՝ առավել խիստ։

«Երևան մոլ», «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի սրահ, բժշկական պարագաների գործարան․ ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքն առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջև, չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով և կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առևտրային մասը շարունակել է գործել։

Ժամանակավորպես արգելվել է նաև «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ-ի՝ բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվող գործարանի աշխատանքը․ խախտումներն այստեղ կոպիտ չեն, սակայն, հաշվի առնելով արտադրության առանձնահատկությունը, այս գործարանում նորմերի պահպանումը դիտարկվում է խստագույնս։

ԱԱՏՄ-ն այսօր 24-ժամյա կասեցում է կիրառել նաև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի սրահներից մեկի հանդեպ․ այստեղ վճարման տաղավարի մոտ չի եղել գծանշում, աշխատողների ջերմաչափում առհասարակ չի կատարվել, առկա չեն եղել փակվող աղբամաններ։

Տնտեսավարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին և փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել