Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները |armenpress.am|
13:41 - 19 հունիսի, 2020

Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները |armenpress.am|

armenpress.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց որոշման նախագիծը, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ: Որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում:

 «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀ-ն առաջարկել էր 266.71 դոլար տարբերակը: 

Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Հանձնաժողովն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին:

Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել