Վայրէջք կատարեց սերբական օգնության երկրորդ ինքնաթիռը. Հայաստան են բերվել բժշկական պարագաներ
19:12 - 19 հունիսի, 2020

Վայրէջք կատարեց սերբական օգնության երկրորդ ինքնաթիռը. Հայաստան են բերվել բժշկական պարագաներ

«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդի լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին այսօր Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի կայքը:

Ավելի վաղ, որպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի պայմանավորվածությունների գործնական շարունակություն՝ երեկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել սերբական օգնությամբ առաջին ինքնաթիռը՝ Հայաստան բերելով բժշկական անհրաժեշտ սարքավորումներ և մեծաքանակ պարագաներ:

Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել արհեստական շնչառության 10 սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Մարդասիրական օգնության այս ակցիային նախորդել էին նախագահներ Սարգսյանի և Վուչիչի հեռախոսազրույցները:

Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը համարել է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների վառ ապացույց:

«Մեր նախագահների, կառավարությունների, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամենակարևոր դրսևորումներից մեկը բժշկական սարքավորումներով բեռնված այս ինքնաթիռի ժամանումն է այն ժամանակ, երբ Հայաստանը դրա կարիքն ամենաշատն ունի։ Սերբիայում ևս մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրը կիզակետում էր, և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ:

Վերջերս, երբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Հայաստանին աջակցություն և օգնություն առաջարկեց։ Ուրախ եմ, որ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք արդյունքը տեսնել՝ մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների բնույթի մասին»,-ասել է Տատյանա Ցվետկովիչը:։

Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը նույնպես ընդգծել է, որ Սերբիայի կողմից նման մեծածավալ օժանդակության ցուցաբերումը երկու երկրների բարեկամության վկայությունն է: «Սա խոսում է Հայաստանի և Սերբիայի միջև խորացող հարաբերությունների մասին, որում իր անձնական ներդրումն ունի նախագահ Արմեն Սարգսյանը», -նշել է նա՝ ավելացնելով, որ ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվելու է առողջապահության նախարարությանը և կուղղվի համավարակի դեմ պայքարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել