Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|
13:11 - 22 հունիսի, 2020

Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու որոշման հետ, միաժամանակ վստահեցնում է, որ գործը զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարր չկա: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Գաբրիելյանը նախ չցանկացավ արձագանքել ընթացող գործին՝ նկատելով, որ դատախազությունը բողոքարկելու է, գործը կքննվի նաև Վերաքննիչ դատարանում: «Հետևաբար այս պահին լրացուցիչը կարծիքը գուցե ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական գործընթացների վրա»,-ասաց նա:

Այնուամենայնիվ լրագրողների տարբեր հարցերից հետո պատգամավորը որոշակիորեն հայտնեց իր վերաբերմունքը. «Ես համամիտ եմ դատախազության որոշմանը, որ պետք է բողոքարկվի»:

Գաբրիելյանը հիշեցրեց, որ ինչպես դատախազն էր նշել՝ հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել էր դեռ փետրվարից: «Ինձ համար տարօրինակ չէ, որ այդ փաստաթղթի հայտնաբերումից հետո, երբ հարցաքննվել են որոշ անձինք, տեղի է ունեցել Ծառուկյանի հայտարարությունը (խմբ.-կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին)»,-նշեց նա ու շնորհավորեց ԲՀԿ-ին, որովհետև ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը, և այդ պահանջից դեռ 10-15 օր հետո դեռ շարունակում են պահանջել: 

Պատգամավորի խոսքով՝ նախկինում տարբեր առիթներով ուղիղ հարցադրմանը, թե պահանջու՞մ են արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԲՀԿ-ի կողմից միշտ եղել է խուսափողական պատասխան:  «Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտում, և դրանից շատ կարճ ժամանակ անց քաղաքականության էջ է փակվել»,-նշեց նա:

Պատգամավորը նշեց՝ եթե չի սխալվում, ապա հարցաքննվել է մի անձնավորություն, որն առնչություն է ունեցել ԲՀԿ-ի հետ: «Երբ այս ամենը համադրում ենք ժամանակագրությամբ, պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի կլիներ այդ ինֆորմացիան»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ նույնիսկ անտրամաբանական կլիներ, որ ԲՀԿ-ն հակառակը չպնդեր և չասեր, որ քաղաքական հետապնդում չկա, և կուսակցության առաջնորդը մեղավոր է և պետք է պատժվի: «Պարզ բան ասեմ, եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի»,-նշեց Գաբրիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել