Ապօրինի, առանց հիմքերի մեղադրանք է. Քասախի համայնքապետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը  |news.am|
17:26 - 22 հունիսի, 2020

Ապօրինի, առանց հիմքերի մեղադրանք է. Քասախի համայնքապետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |news.am|

news.am: Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` այն որակելով ապօրինի, առանց հիմքերի եւ հանգամանալից ուսումնասիրման: Զրույցում նա պատմեց իրեն առաջադրված մեղադրանքի մանրամասները:

«Համայնքի բնակիչը իր գնած խանութի դիմացից մի 50-60 սմ առաջ է եկել, դիմային ապակին փոխել է, բնակիչը ցուցմունք է տվել, որ իբրեւ թե ես եմ բանավոր թույլ տվել»,- պատմեց նա:

Հունիսի 2-ին էլ վարչական պատասխանատվության  ենթարկելու մասին էլ նա ասաց, որ չեն մտածել , որ դա իրավախախտում է եւ քրեական գործ հարուցելուց հետո են վարչական պատասխանատվության ենթարկել:

«Ճիշտն ասած մենք մի քիչ շտապել ենք, եւ վարչական տույժի ենք ենթարկել քաղաքացուն, այնուամենայնիվ հիմք ընդունելով քննչականից ստացած գրությունը, սակայն քննչականը պետք է ուսումնասիրություն կատարի, նոր քրեական գործ հարուցի»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով  նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:

Նշված դեպքի առթիվ 2020թ. հունիսի 18-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով, որի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի  բնակիչը 1993թ. Քասախ համայնքի Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում կառուցել է շինություն, որի դիմացի հատվածում 17քմ. եղել է ապօրինի, որը վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչուհու:  

Այնուհետև վերջինիս որդին, ով փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ համայնքի՝ վերոնշյալ բնակչի կողմից ապօրինի կառուցված՝ Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում առկա 17քմ. տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար,  ինչին համայնքի ղեկավարը բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել ՀՀ ՏԻՄ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխար¬գելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը:

2020թ. տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր նախկինում կատարած անօրինականությունը և միայն 2020թ. հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել