Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա էր․ պատճառը՝ հին համայնքապետի վերադարձն է պաշտոնին
 |armtimes.com|
19:22 - 22 հունիսի, 2020

Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա էր․ պատճառը՝ հին համայնքապետի վերադարձն է պաշտոնին |armtimes.com|

armtimes.com: Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացրել։ Պատճառը՝ Վերաքննիչ դատարանի որոշումն է, որով համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում պիտի վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։  

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպեցին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։ Վերջինս հրաժարական ներկայացրեց ավագանուն, որից հետո ըստ կարգի՝ ավագանին պետք է արձանագրեր այդ հրաժարականը, որպեսզի Մարգարյանը պաշտոնապես ազատված համարվեր պաշտոնից։ Սակայն ավագանին այդպես էլ չի արձանագրել։

Փոխարենն այդ հրաժարականից ելնելով այդ ժամանակ գործող մարզպետ Գագիկ Միրիջանյանը որոշում է կայացրել Մարգարյանի փոխարեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ռազմիկ Մկրտչյանին։

Հրաժարական տված համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը 2018-ի օգոստոսի 29-ին դիմել է վարչական դատարան համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իր նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։ 

Համայնքապետի պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ռազմիկ Մարգարյանը ՀՀԿ-ական է, 34 տարի գյուղապետ է եղել եւ դարձյալ ցանկանում է վերադառնալ իր պաշտոնին։

«Դատարանը 4 ամիս առաջ որոշում է կայացրել, որով անվավեր է ճանաչվել նախկին մարզպետի այն որոշումը, որով ես նշանակվել եմ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 300 բնակիչ բողոքի ակցիա է իրականացրել, սակայն նրանց թիվը դեռ ավելանալու է։ Նա նշեց, որ այս ակցիայի միջոցով փորձում էին վարչապետին տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա եւ ակնկալում են դրա լուծումը։

«Դատարանի վճռում չի նշվում, թե նախկին համայնքապետը պետք է վերականգնվի իր պաշտոնում, սակայն մարզպետարանից ասում են, որ ասվում է այդ մասին»,- պատմեց Մկրտչյանը։

Համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այսօր արդեն մարզպետն իր ազատման հրամանը ստորագրել է եւ հայտնել, որ ինքը դատարանի որոշման հետ կապ չունի ու նախկին համայնքապետը պիտի վերականգնվի։

Նա նշեց, որ համայնքում 2000-ից ավելի բնակիչ կա, որի 90 տոկոսը դեմ է նախկին համայնքապետի վերադարձին. «Նախկին համայնքապետը իր եղբայրների հետ հայտնի է ծեծ ու ջարդով։ Նա փաստաթղթեր է կեղծել, կոռուպցիա է թույլ տվել, սակայն համաներման տակ է ընկել»։

Մկրտչյանի խոսքով՝ նախկին համայնքապետից հետո գյուղը խաղաղվել է, ջրագիծ են փոխել, միջհամայնքային ճանապարհ են բարեկարգել, խորքային հոր են վերականգնել. «Ես պատրաստ եմ հեռանալ, բայց չեմ ուզում, որ հինը վերադառնա, քանի որ գյուղը վատ վիճակում կհայտնվի։ Այս համայնքը գեղեցկացել էր՝ մեկը մյուսի թե՛ թաղումներին, թե՛ ուրախություններին մասնակցում էր»։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մեր զրույցում ասաց, որ իր մարզպետ նշանակվելուց հետո՝ հաշվի առնելով դատական պրոցեսները որոշել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին չհեռացնել պաշտոնից, որպեսզի նա իր աշխատանքն անի։  

Նրա խոսքով՝ այդ ընթացքում համայնքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել՝ խմելու, ոռոգման ջրի ցանցի վերականգնում, իսկ սուբվենցիոն ծրագրով Եղեգնուտի պատմության մեջ ամենամեծ ծրագիրն է այս տարի իրականացվելու՝ մոտ 2 կմ ասֆալտապատում։ 

«Ես չուզեցի քաղաքական ենթատեքստերով առաջնորդվել, բայց Վերաքննիչ դատարանի կողմից բոլոր բողոքարկումները հաշվի առնելով վերջնական վճիռ է կայացվել, որ համայնքապետի հրաժարականի դիմումը պետք է ճանաչել անվավեր, քանի որ ավագանին չի արձանագրել այն»,- ասաց մարզպետը։

Մաթեւոսյանը նշեց, որ թե՛ նախկին, թե՛ ներկա համայնքապետերը դատարանում կողմ են հանդիսացել։ «Դատարանի վճիռը եղել է ամիսներ առաջ, բայց քանի որ մենք խնդիր ունեինք այն առումով, որ համայնքը կարող է չընդունել դատարանի վճիռը՝ իմ կողմից պարզաբանումներ ստանալու համար գրություն եմ ուղարկել՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրավաբաններին, արդարադատության նախարարություն։ Բոլորի պարզաբանումները ստանալուց հետո վերջնական որոշումը հետեւյալն է՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռը, որը ենթակա է, ոչ թե մարզպետարանի կատարման, այլ՝ համայնքապետարանի»։

Մարզպետն ընդծգեց, որ հանդիպել է, թե՛ նախկին համայնքապետին, թե՛ ներկա պաշտոնակատարին, զրուցել է ավագանու անդամների հետ. «Մենք որեւիցե գործառույթ չունենք, բացի նրանից, որ դատարանի վճիռը պետք է փոխանցենք համայնքին, որպեսզի նրանք ի կատար ածեն այն»։

Նրա խոսքով՝ նախադեպային դեպք է, որով դատարանը վճիռ է ընդունել. «Եթե համայնքապետը հրաժարական է տալիս, ապա ավագանին ուղղակի պիտի դա արձանագրի, սակայն մարզպետը առանց այդ արձանագրության նոր պաշտոնակատար է նշանակել»։

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել