10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|
17:13 - 23 հունիսի, 2020

10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունն առաջարկում է կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տրամադրել 5-րդ աշխատանքային օրը, եթե քաղաքացին վճարի 10000 դրամ։

Նշենք, որ անձնագիրը Հայաստանում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:

Գործող կարգավորումներում՝ քաղաքացին կարող է վճարել 40 000 դրամ և կորած նույնականացման քարտը ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ 20.000 դրամ՝ երրորդ աշխատանքային օրը ստանալով։

«Նշված փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար»,-հայտնել է ոստիկանությունը։

Մեկ այլ նախագծով ոստիկանությունն առաջարկում է օտարերկրյա պետությունում բնակության իրավունք ունեցող անձին Հայաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելիս ապահովել նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող փաստաթղթում առկա անհատական տվյալների համապատասխանությունը։ Ոստիկանությունն ընդգծել է, որ այդպես կվերանան երկու փաստաթղթերում առկա անհատական տվյալների անհամապատասխանությունը և անձի նույնացման ժամանակ առաջացող խոչընդոտները։

Ոստիկանության փոխանցմամբ՝ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք ձեռք են բերում Հայաստանի քաղաքացիություն՝ չունենալով օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր կամ օտարերկրյա պետության կողմից տրված որոշակի կարգավիճակը հավաստող ճամփորդական փաստաթուղթ /օրինակ՝ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի/, սակայն ներկայացնում են որևէ պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթեր։ Օրինակ՝  ԱՄՆ մշտական բնակչի քարտ, որը հնարավորություն է տալիս անձին մշտապես օրինական կարգով բնակվել տվյալ պետությունում, սակայն այն չի համարվում քաղաքացիությունը կամ այլ կարգավիճակը հավաստատող ճամփորդական փաստաթուղթ:

«Նշված ձևակերպման պարագայում օտարերկրյա պետության կողմից տրված բնակության իրավունքը և անձը հաստատող փաստաթուղթում առկա տվյալները չեն կարող հիմք ընդունվել ՀՀ քաղաքացու անձնագրում անգլերեն գրառում կատարելիս և գրառումը կատարվում է ՀՀ ազգային ստանդարտին համապատասխան: Արդյունքում՝ անձինք խնդիրներ են ունենում փաստաթղթերում անհատական տվյալների գրելաձևի հետ կապված, քանի որ օտարերկրյա պետությունում տարիներ շարունակ հանդես են եկել այլ տվյալներով, իսկ ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է այլ անհատական տվյալներ, ինչը հնարավորություն չի ընձեռում անձը հաստատող տարբեր տվյալներով փաստաթղթերի առկայության պայմաններում ապահովել անձի նույնացում»,-հայտնել է ոստիկանությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել