Մի քանի հիմքեր կան ՍԴ դիմելու, հիմքերից մեկը՝ օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է․ Տարոն Սիմոնյան
10:37 - 24 հունիսի, 2020

Մի քանի հիմքեր կան ՍԴ դիմելու, հիմքերից մեկը՝ օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է․ Տարոն Սիմոնյան

Ինչպես տեսաք երկուշաթի օրը իրադարձությունները շատ արագ զարգացան  և միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որոնք կատարվեցին դրանք ի խախտում ՀՀ սահմանադրության էին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Վերջինս իր խոսքում հավելեց․

«Այդ խախտումները տեղի են ունեցել մի քանի ուղղությամբ։ Առաջին խախտումը այն է, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ընդունվում են Ազգային ժողովի կողմից՝ մինչև երկրորդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար։ Սա առաջին հերթին կարգավորվում է ՀՀ սահմանադրությամբ՝ 169 հոդվածի 2-րդ մասով, ապա դրա հիման վրա ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածով։ Բնականաբար սա ակնառու խախտում էր, և այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Աժ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը, որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա սահմանադրական դատարանին դիմելը, այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության ներկայացուցիչների  կողմից, և այդ մեկնաբանության արդյունքում խախտվել է սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասը։

Մյուս կարևորագույն խախտումը այն է, որ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով հանրապետության  նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից։ Աժ մեկ խմբակցությունը, որքան էլ այն մեծ լինի, իր որոշմամբ մեկ այլ սահմանդարական մարմնի լիազորություն է  իչիք դարձրել, ինչը ևս ՀՀ սահմանադրության և օրենսդրության խախտում է ։ Այս խախտումների հիման վրա ՀՀ սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների 1/5-րդ-ին դիմել ՍԴ։

Մի քանի հիմքեր կան ՍԴ դիմելու, հիմքերից մեկը՝ օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է, այս հիմքով վիճարկվելու է Աժ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով նախագահին զրկել են իր լիազորություններից։ Մյուս հիմքը, որը կրկին սահմանված է ՀՀ սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով՝ սահմանդարական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է ։ Լիազորությունների շուրջ առաջացած վեճը նշանակում է այն , որ արդյո՞ք Աժ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը սահմանադրական դատարանն է։ Հետևաբար, այս պահանջների հիման վրա մենք պետք է  առաջ գնանք։

Հանրության կողմից մեկ այլ հարց էր բարձրացվում, որ պետք է սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվեր ՍԴ-ում, մինչեռ պետք է նշել, որ սահմանադրության 168-րդ հոդվածում նշված այդ դրույթը չի կարող պատգամավորների 1/5-րդ -ով վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրը այն ժամանակ այս դրույթը գրել է այն կանխավարկածով, որ Աժ-ն ինքը պարտավոր է դիմել ՍԴ սահմանադրականությունը որոշելու համար։ Հետևաբար, այս հարցով մենք չենք կարող դիմել սահմանադրական դատարան, բայց մյուս հարցերով կարող ենք։ Սա որպես այդպիսին, պետք է լիներ իրավաբանական տարրական գիտելիքների արդյունք, հետևաբար, եթե մեր քաղաքական գործընկերները այս ամենը անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված  կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կա՛մ էլ ամբողջ մեր հասարակությանը և հատկապես դրա այն հատվածին, որը ամեն գնով հավատում է այս իշխանությանը, այսպես կոչված՝ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում՝ իրավաբանական գիտելիքները իջեցնելով զրոյական մակարդակի։

Դա անթույլատրելի է, որովհետև մենք մեկ պետականություն ունենք և այդ պետականության երաշխավորը իրավունքի գերակայությունն է, եթե մենք իրավունքի գերակայությունը և իրավական պետությունը ոտնակոխ ենք անում, ապա իմացեք, որ այն բումերանգի նման գալու է այն մարդկանց առաջ, ովքեր այս գործողությունները կատարում են, ինչպես մենք ականատես եղանք այն ամենին՝ ինչը տեղի է ունենում նախորդ իշխանությունների հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել