Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ․ Արայիկ Հարությունյան
16:35 - 24 հունիսի, 2020

Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ․ Արայիկ Հարությունյան

Առաջին հերթին  հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ հնարավորություն ստեղծենք այլ երկրների մեր հայրենակից ուսանողների համար գալ Հայաստան և հանձնել քննությունները: Գիտեք, որ կարանտինային իրավիճակ է  թե´ Վրաստանում, թե´ Հայաստանում, իհարկե որոշակի սահմանափակումներով և մենք այդ լուծումների շրջանակներում պետք է կարողանանք ընթացք տալ այդ խնդրին և լուծումներ տանք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Խնդրի լուծման համար տարբերակներ կան, որոնցից մեկով՝ սեպտեմբերից օտար երկրներից այլ կարգով կարող են մասնակցել քննություններին: Բայց էլի եմ ասում, որ աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես հնարավորություն ունենան դիմորդները քննությունը հանձնել հուլիսին, այսինքն՝ ընդհանուր հիմունքներով: Մնացած մանրամասները չբացեմ, բայց բացառվում է, որ մենք կազմակերպենք քննություններն այլ երկրում»:

Անդրադառնալով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին և առաջացած խնդիրներին, Հարությունյանը նշեց, որ նորություններ լինելու դեպքում հանրությունը կտեղեկանա։ 

«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, և իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացրել։ Գիտեք, որ դրանից առաջ մամուլում նա մեծ աղմուկ էր բարձրացրել՝ խառնելով իրար ամբողջ մամուլը, տարբեր հայտարարություններով, բայց Սմբատ Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ»,- ասաց Հարությունյանը։

Այն դիտարկմանը, որ իրավապահները մերժել էին վարույթ ընդունել ԿԳՄՍ նախարարի կողմից արված հայտարարության վրա, Հարությունյանը նշեց, որ իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, քանի որ հովանավորչության  բավարար ապացույցներ չէին եղել։

«Այսինքն հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել էր հանցագործության մասին հայտարարություն տալ, սրանից ձեր եզրակացությունները արեք»,- ասաց նախարարը։

Վերջինս նշեց, որ մինչև նոր զարգացումներ չլինեն չի մեկնաբանի այս թեմայի շուրջ հարցերը և հայտարարությունները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել