ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրված նամակ-համաձայնագիրը

 |armenpress.am|
19:08 - 24 հունիսի, 2020

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրված նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Այն վավերացվեց միաձայն՝ 88 «կողմ» ձայնով:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակներում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը:

Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը:

Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել