Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը
 |armtimes.com|
21:38 - 24 հունիսի, 2020

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ 89 կողմ ձայնով ընդունվեց Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն ընձեռել ՀՀ կառավարությանը` արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում։

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչեւ նախագծի ընդունումը նշեց, որ առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում ավելացնել հետեւյալ պարբերությունը՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ նոր ցանկի անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ եւ ռազմական դրությամբ»։

5-րդ կետում նշված է․ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է»:

Նախարարի պարզաբանմամբ՝ սա արվում է ոչ միայն COVID-19-ի, այլ ընդհանրապես արտակարգ դրության հայտարարելու հետ կապված։

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը կրում է զուտ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ համավարակով պայմանավորված հետագայում հնարավոր արտակարգ եւ ռազմական դրությունների ժամանակ փոփոխության կենթարկվի քննությունների անցկացման կարգն ու չի վերանայվի մասնագիտությունների ցանկը։ Նախարարն արձագանքեց, որ պարբերությունը նաեւ մասնագիտությունների ցանկին է վերաբերում, սակայն ըստ էության՝ այստեղ փոփոխության կարիք չկա, տրամաբանություն էլ չկա, քանի որ այն մասնագիտություններով, որ պարապել են դիմորդները, անցկացվում է քննություն։

Հարությունյանին տրվող հիմնական հարցերը վերաբերում էին մյուս ուսումնական տարում կրթական գործընթացը հեռավար կազմակերպելուն։

Նախարարի խոսքով՝ այս պահին չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա բուհերի ընդունելության կարգը, արդյո՞ք կգործի մեկ քննությամբ ընդունելությունը, պարզ չէ նաեւ սեպտեմբերի մեկից դասերը կընթանան հեռավա՞ր, թե՞ դասարանային տարբերակով։ Ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից։ Մի քանի շաբաթը մեկ մոնիթորինգ է իրականացվում՝ հասկանալու՝ արդյո՞ք դասերը սեպտեմբերի 1-ից կսկվեն ոչ հեռավար, դեռեւս որոշում չեն կարող հրապարակել։ Արդեն սեպտեմբերին կկարողանան կարծիք հայտնել, թե հաջորդ քննություներն ինչպես կիրականանան։

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել