Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|
12:00 - 25 հունիսի, 2020

Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

parliamentmonitoring.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պահանջում է իշխանության 100 տոկոս հրաժարական, արտախորհրդարանական որոշ ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, «Լուսավոր Հայաստանը» անդադար քննադատում է իշխանությանը. քաղաքական դաշտում մենա՞կ եք մնացել:

- Մեր ուժի հենարանը մեզ աջակցող, մեզ հետ համագործակցող քաղաքացիներն են: Մենք մենակ չենք։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքական ուժերը մեզ աջակցեն, եթե մենք դաշինքի մեջ չենք նրանց հետ և չունենք համագործակցության հուշագիր։ Դա նախկինում էր, երբ կային իբր անկախ կուսակցություններ, որոնք, չգիտես ինչու, ամեն հարցում սատարում էին կառավարող ուժին։ Այսօրվա իրավիճակն ընդամենը վկայում է, որ մենք չունենք գրպանային ընդդիմություն, և ոչ մեկը պարտավոր չէ մեր մասին բարի խոսք ասել։ Իհարկե, կան արտախորհրդարանական ուժեր, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմա կառավարությանը չեն քննադատում և սպասում են համաճարակի հաղթահարմանը։ Իսկ մյուսները, կառավարության հրաժարականը պահանջելով, ցուցադրում են իրենց քաղաքական մանկամտությունը կամ կամա թե ակամա՝ ծառայություն մատուցում օտարների օրակարգին:

- ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և մի քանի այլ նորաստեղծ կուսակցությունների հետ: Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը: Մտավախություն չունե՞ք, որ բազմաթիվ ուժեր կհամախմբվեն ձեր դեմ, և ինչ-որ պահի դիմադրել չեք կարողանա:

- Նրանք չունեն հանրային աջակցություն։ Ավելին՝ դրա պոտենցիալն էլ չունեն։ Հարցը ռեսուրսների, մամուլի կամ ասելիքի պակասը չէ։ Նրանք ավարտված պատմություններ են՝ քաղաքական ու իրավական խնդիրների ծանր բեռով։ Նրանց ցանկացած ասելիք խեղդվելու է հանրային, իրավական, քաղաքական մեղադրանքների մեջ։ Երբ մարդիկ ասում են, թե հնին վերադարձ չի լինելու, դրանում ոչ միայն հինը մերժելու մղում կա, այլ նաև՝ նորից չվախենալու, նորին լսելու, նորն ընդունելու պատրաստակամություն: Սա է վկայում Հայաստանում ապրող մարդկանց քաղաքական հասուն փորձառության, ինքնուրույնության ու իրենք իրենց ուժեղ զգալու մասին։ Սա համարում եմ հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից և ասում եմ ոչ թե չկամության պատճառով, այլ գիտակցումով, որ Հայաստանի ապագան անխուսափելիորեն նոր մարդկանց է բերելու քաղաքական դաշտ։

- Ձեր ընդդիմախոսները հայտարարում են, թե իշխանությունը տապալել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, վիրուսի տարածումն ընդլայնվում է, ավելանում է տնտեսական ճգնաժամը: Եվ դա աշնանը հանգեցնելու սոցիալական դժգոհության: Իշխանությունը կանխատեսո՞ւմ է նման զարգացումներ:

- Եղած խնդիրների մասին կառավարությունն էլ է անթաքույց խոսում։ Հանրային դժգոհություն կարող է լինել, եթե կառավարությունը թաքցնի իրավիճակի լրջությունը, սխալները։ Իսկ կառավարությունը, բարեբախտաբար, չգնաց այդ ճանապարհով, այլ ամեն բան թափանցիկ շարունակում է ներկայացնել հանրությանը։ Պատեհ պահին հանրության հետ կխոսի նաև հնարավոր բացթողումների և սխալների մասին։ Եթե կոռոնավիրուսով ոգեշնչված ընդդիմախոսները հույսները դրել են այս հարցում կառավարության սխալները քննադատելով առաջ գնալու վրա, ապա իզուր, որովհետև կառավարությունն իր ասելիքով նրանցից առաջ կլինի։ Այսօր կառավարությունը չէ, որ քննություն է հանձնում, այսօր մեր հասարակական համերաշխությունը, մեր փոխօգնությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն է քննություն հանձնում։ Ի վերջո, մարդկանց կյանքեր փրկելու, բժիշկների կյանքեր փրկելու, պետության առողջապահական համակարգը փրկելու խնդիրը Հայաստանում ապրող յուրաքանչյուրի անելիքն է, ոչ միայն կառավարության։

- Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության պնդումներին, թե իշխանությունը իրավապահներին հանձնարարում է տարբեր աղմկոտ քրեական գործեր հարուցել, որպեսզի քողարկի հեղափոխական բարձր վարկանիշի անկումը:

- Վերաբերվում եմ որպես անհիմն քաղաքական հայտարարությունների։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է կառավարող ուժից որևէ մեկը իրավապահ մարմնին հանձնարարել շինծու քրեական գործեր հարուցել, և ինչպես կարող է դա չբացահայտվել ու չդառնալ հենց այդ նույն կառավարող ուժին շանտաժի ենթարկելու առիթ։ Պատկերացրեք՝ գեթ մեկ այդպիսի հրամանի կամ հանձնարարության մասին տեղեկության բացահայտում, և կառավարող ուժի հանդեպ վստահությունը խաթարված է։ Իրավապահ մարմիններին տրված միակ ուղերձը եղել է այն, որ եթե կան ապացույցներ և իրավական հիմքեր, ապա գործե՛ք առանց կաշկանդվելու, առանց երկմտելու, առանց հապաղելու իրականացրե՛ք օրինապահ գործունեությունը՝ բոլորը հավասար են օրենքի առաջ սկզբունքով։ Սա է եղել ու մնում կառավարող ուժի միակ քաղաքական պատվերը իրավապահ մարմիններին։    

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը:

- Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը քննվելու է ամբողջությամբ՝ ծայրից ծայր, լինի նա տանը թե դատարանում: Մենք բոլորս իմանալու ենք, թե ինչ է կատարվել 2008թ. մարտի 1-ին, երբ սպանվեցին մեր երկրի քաղաքացիներ։

- Որոշումը կայացրած դատավորի վրա նախկին նախագահի մերձավորներն ունեցե՞լ են կողմնակի ազդեցություն:

- Չեմ կարող նման կռահումներ անել առանց փաստերի։ Միևնույն ժամանակ, այսպիսի հարցադրումները չեն դադադրի, քանի դեռ Հայաստանում չի հանգուցալուծվել դատարանների քաղաքական և կոռուպցիոն կախյալության հարցը։ Այն, որ 2019թ. մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, դա խոստովանեց նաև վարչապետը՝ Ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս։ Դեռ այս մարտահրավերի առաջ ենք։ Արդեն հաստատված է խնդրի լուծման ռազմավարությունը, որի արդյունավետության մասին դատողություններ կանենք դրա իրականացման ընթացքում կամ ավարտին։

- Ավարտվեց գարնանային նստաշրջանը: Ի՞նչ հասցրեցիք անել, ո՞ր կարևոր հարցերը մնացին չլուծված::

- Հասցրեցինք ընդունել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքով իրավապահները կարող են յուրաքանչյուրին հարց տալ՝ որտեղի՞ց է ծագել ունեցվածքը, և ոչ ոք չպետք է խուսափի այս հարցի պատասխանից։ Օրենքը մի կարևոր կարգավորում էլ ունի, որի մասին քիչ է խոսվել`ապօրինի գույքին տիրապետողը կարող է գույքը պետությանը վերադարձնելու հաշտության համաձայնագիր կնքել և խուսափել դատական երկարատև գործընթացներից։ Հաջորդը Դատական օրենսգրքի ծավալուն փոփոխություններն էին, որոնք կառավարությունն առաջարկեց վեթթինգի փոխարեն։ Անցյալը խմբագրելու այս իրավական գործիքների կիրառումը առաջիկայում մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարվածության մեջ: Արդեն դրա ականատեսն ենք։

Եվ, վերջապես, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու, Սահմանադրության մեջ փոփոխություններ առաջարկող պատգամավորների նախագծերը, որոնք վերաբերում են ՍԴ դատավորներին: Որպես չարված էլ՝ պիտի հիշեմ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց կանդրադառնանք հաջորդ նստաշրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել