Հաստատվեց ծանր հանցագործությունների դեպքում ԴՆԹ-ի արդյունքները ոստիկանությանը տրամադրելու կարգը |armenpress.am|
12:37 - 25 հունիսի, 2020

Հաստատվեց ծանր հանցագործությունների դեպքում ԴՆԹ-ի արդյունքները ոստիկանությանը տրամադրելու կարգը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը»:

Ըստ հիմնավորման, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն` ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաեւ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:

Նախագծով սահմանվում են ԴՆԹ բնութագրերի հաշվառմանը և փոխանցմանը ներկայացվող պահանջները, նախատեսվում են ԴՆԹ բնութագրերն ոստիկանությանը տրամադրելու, դրանք ԴՆԹ  բազա մուտքագրելու ու համընկնման հարցի պարզման, ԴՆԹ բնութագրերի բազայից տեղեկությունների տրամադրման, ԴՆԹ բնութագրերի պահպանման և ոչնչացմանն  հետ կապված իրավակարգավորումներ, ինչպես նաև կանոնակարգվում են նշված գործընթացում շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության հետ կապված որոշ հարցեր:

Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:

Նշված գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, տեխնիկական միջոցների եւ սարքավորումների կարիք չկա, իսկ համապատասխան հաստիքներ  կհատկացվեն ընդհանուր օպտիմալացումից հետո: Արդեն իսկ ստեղծվել եւ փորձարկվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հետ էլեկտրոնային պաշտպանված կապը, ինչպես նաեւ ոստիկանության police.am  հասցեում ստեղծվել է բավարար պաշտպանված էլեկտրոնային հասցե:

Նախագծի ընդունմամբ կապահովվի ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել