ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ
13:42 - 25 հունիսի, 2020

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նպատակը կադաստրային արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հարկման համակարգին անցումն է:

Նախագծի ընդունումը կնպաստի տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար արդարացի հարկային բեռի սահմանմանը՝ ապահովելով պետության վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումն, ինչպես նաեւ կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը: Կսահմանվեն անշարժ գույքի հարկով հարկման նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նոր դրույքաչափեր:

Կվերացվեն բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ համապատասխանաբար՝ 10մլն դրամ եւ 7մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0-05 տոկոս հարկման դրույքաչափ:

Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու նպատակով հարկման նոր համակարգին անցում կկատարվի չորս տարվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նրանք առաջարկում են հարկման նոր համակարգին անցում կատարել ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում: 200մլն եւ ավելի անշարժ գույքի հարկը հաշվարկել մեկի փոխարեն մեկուկես տոկոսով: Փոխնախարարի հավաստմամբ՝ գործադիրն ընդունել է առաջարկություններն, ինչպես նաեւ ներկայացրել խմբագրական բնույթի առաջարկնեն: Հանձնաժողովականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են կողմ քվեարկությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել