Ժողովրդի աչքերի մեջ նայող և ստող քաղաքական ուժը քաղաքական գործունեություն չի ծավալելու. Փաշինյան |armenpress.am|
14:00 - 25 հունիսի, 2020

Ժողովրդի աչքերի մեջ նայող և ստող քաղաքական ուժը քաղաքական գործունեություն չի ծավալելու. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնաոչնչացած է համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում, արձագանքելով այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն խորհրդարանում ներկա չէ, որովհետև բոյկոտել է ԱԺ նիստը:

«Այսօր ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է: Քաղաքական ուժն իմ գնահատմամբ, ինքնաոչնչացել է, որովհետև, երբ այս ամբիոնից լուրջ դեմքով ասվում է, հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն… նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել, իսկ ԲՀԿ-ն ընտրակաշաքով է ընտրվել, դա նշանակում է ինքնաոչնչացում: Նրանք այսօր այստեղ չեն, ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այստեղ չեն, որովհետև չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռք առնել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում ամենամեծ բարեփոխումը՝ քաղաքական դաշտի բարեփոխումը: 

«Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքները: Սա ասում եմ ոչ թե, որպես վարչապետ, այլ, որպես ՀՀ քաղաքացի:  Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»,- նշեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել