Համայնքները խոշորացնելիս կարևոր է հաշվի առնել դրանց սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները․ Եվգինե Վարդանյան
20:09 - 26 հունիսի, 2020

Համայնքները խոշորացնելիս կարևոր է հաշվի առնել դրանց սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները․ Եվգինե Վարդանյան

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Եվիգնե Վարդանյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։

- Երբ Հայաստանում սկսվեց համայնքների խոշորացման գործընթացը, բնակիչները բավականաչափ իրազեկվեցի՞ն, թե ինչու են խոշորացվում համայնքները, և այդ գործընթացն ինչ հետևանքներ է ունենալու իրենց համար։

- Մի հետազոտություն կարողացանք անցկացնել 2014 թվականին։ Խոշորացումը դեռ չէր մեկնարկել, և դա բավականին հարմար ժամանակահատված էր հետազոտություն անցկացնելու համար։ Հանդիպումներ ունեցանք խոշորացման ենթակա համայնքների ներկայացուցիչների և բնակիչների հետ։ Ձեր բարձրաձայնած հարցի պատասխանն այն էր, որ բնակչությունը և նույնիսկ համայնքների ղեկավարները լիարժեք ու բավականաչափ իրազեկված չէին համայնքների խոշորացման մասին։ Ավելին, նրանք ունեին շատ կարծրատիպային ընկալումներ, բացարձակապես չէին ցանկանում, որ խոշորացման գործընթացը մեկնարկեր, և կարծում էին, որ իրենց համայնքը տուժելու է դրանից։ Առկա էր իրազեկման պակաս։

Անհրաժեշտ էր օբյետիվ իրազեկում ինչպես համայնքների խոշորացման գործընթացի, փնջերի ձևավորման, այնպես էլ հնարավոր արդյունքների մասին։ Դրա պակասը կար դեռ այն ժամանակ, ու ինձ թվում է՝ այդ խնդիրն առկա է նաև այսօր։ Նոր կառավարությունը պարբերաբար բարձրաձայնում է խոշորացման գործընթացի մասին, և նույն խնդիրը կարծես նկատվում է նաև այսօր․ մենք իրազեկմանը բավականաչափ կարևորություն չենք հատկացնում, այնինչ դա անհրաժեշտ է խոշորացման գործընթացի և դրա արդյունքների վերաբերյալ օբյեկտիվ պատկերացումներ ձևավորելու համար։ 

-Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ լավ իրազեկված չեն։

- Համալիր տեղեկություններ չեն տրամադրում բնակչությանը, կամ դա արվում է հատվածային։ Երբ խոսակցությունների ալիք է բարձրանում, որ կարող է լինել խոշորացում, մի փոքր քննարկում է գնում, շահագրգիռ տարբեր կողմեր, փորձագետներ ներգրավվում են քննարկման մեջ, բայց երբ այդ ալիքը մարում է, որովհետև, օրինակ, կառավարությունը դեռևս չի նախաձեռնում որևէ քայլ, դրան զուգահեռ մարդիկ զրկվում են օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորությունից ու մնում են իրենց ունեցած պատկերացումների շրջանակներում։

Իսկ փոխել այդ պատկերացումները, ձերբազատվել կարծրատիպերից կամ սուբյեկտիվ մոտեցումներից բավականին դժվար է, եթե գործընթացն իրականացվում է հատվածային, մասնակի։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ոչ միայն պարբերաբար անդրադառնալ այս խնդրին, այլև հաճախակի հանդիպել բնակչությանը, լսել նրանց հարցերը, որոնք շատ են, եթե մենք իսկապես որոշել ենք հասնել խոշորացման տրամաբանական ավարտին։

Կարևորում եմ նաև փորձագիտական հանրույթի ներգրավումը գործընթացում։ Փորձագետները կարող են ներկայացնել օգյեկտիվ և վերլուծությունների վրա հիմնված տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մեկ այլ կողմի կարծիք լսելու համար: Ես գտնում եմ, որ խոշորացումն այս պահի դրությամբ ունի դրական արդյունքներ, բայց այդ մասին շատ քիչ է խոսվում, քիչ է ներկայացվում։ 

- Ըստ Ձեզ՝ որո՞նք են խոշորացման գործընթացի դրական արդյունքները։

- Հաճախ եմ լինում համայնքներում, շփվում եմ շահագրգիռ կողմերի՝ խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային ծառայողների, համայնքների ղեկավարների, բնակչության հետ։ Ձեռքբերումներ իսպակես առկա են, և ես դրանք կարող եմ մեկնաբանել մի քանի ուղղություններով։ Կա ֆինանսական խնդիների որոշակի կարգավորում․ եթե առաջ ֆինանսական ռեսուրսները, որոնք համայնքներին տրամադրվում էր պետությունը դոտացիաների տեսքով, հիմնականում մասնատված էին հասնում շատ փոքր միավորների և փոշիացվում էին, այս պահի դրությամբ հնարավոր է դրանք մեկտեղել մի տեղական ինքնակառավարման միավորման մեջ և ինչ-որ չափով արձագանքել որոշակի խնդիրների, որոնք կապված են համայնքի զարգացման հետ։ 

Երկրորդն այն է, որ  խոշորացված համայնքները դոտացիոն միջոցների առումով բավականին լուրջ աջակցություն են ստանում պետությունից, որովհետև նրանց բնակչության թիվը զգալիորեն աճել է խոշորացման արդյունքում։ Էլի ֆինանսական մեծ ռեսուրսների հոսք է ստացվում դեպի համայնք։ 

Բացի դրանից՝ սուբվենցիոն ծրագրերին համայնքները կարողանում են ավելի ակտիվորեն մասնակցել, որովհետև այդ առումով ունենում են արդեն որոշակի բյուջե, որը կարող են հատկացնել այդ ծրագրերին, և, ինչու ոչ, մարդկային ռեսուրսներ, որոնք համայնքապետարանում հիմա ավելի ակտիվորեն են ներգրավված և կարողանում են աջակցել սուբվենցիոն ծրագրերի մշակմանը, իրականացմանը։

Երբ խոշորացումը մեկնարկեց՝ հենց 2015 թվականին, անցումային փուլի ընթացքն ավելի մեղմ հաղթահարելու համար խոշորացված համայնքներին տրամադրվեցին ոչ միայն նյութական, այլև տեխնիկական, գյուղատնտեսական միջոցներ։ Նաև այդ առումով համալրվեցին համայնքների ռեսուրսները, և այս պահի դրությամբ շատերն օգտագործում են գյուղատնտեսական կոմունալ տեխնիկան՝ իրենց համայնքների կարիքները հոգալու նպատակով։ 

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ մենք ինչ-որ չափով նկատում ենք համայնքների ենթակառուցվածքների զարգացում։ Շատ բնակավայրերում, որտեղ երբևէ լուսավորություն չի եղել, խոշորացումից հետո արդեն կա, ճանապարհների վերանորոգում որոշակի չափով իրականացվում է, որովհետև ռեսուրսները մեկտեղված են, ու արդեն հնարավոր է հասկանալ, թե ուր կարելի է դա ուղղել, որ կարողանանք որևէ բնակավայրի այս կամ այն խնդիրը լուծել։

Բացի դրանից՝ հիմա ավելի ակտիվորեն է իրականացվում նախակրթարանների հարցի կարգավորումը։ Առաջ փոքրիկ համայնքներն իրենց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով դժվարանում էին որևէ հարց լուծել մանկապարտեզի, նախակրթարանի առումով։  Իհարկե, խնդիրներ էլ շարունակում են լինել։

- Խնդիրներից մեկն այն է, որ խոշորացված համայնքների բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ, բայց բնակավայրերից ոչ բոլորն են ներկայացված ավագանում։ Ի՞նչ անել, որ բոլոր բնակավայրերը տեղական ինքնակառավարմանը հավասարաչափ մասնակցություն ունենան։ 

- Այդ իրավական կարգավորման բացակայությունն այս պահին իսկապես խնդիր է, որովհետև մենք ուղղակի պետք է հուսանք, որ տեղերում որոշումները կայացվում են այնպես, որ բոլոր բնակավայրերն էլ կարողանան օգտվել խոշորացման արդյունքներից ու հնարավորություններից։

Իսկ որպեսզի դա պարզապես  չթողնենք համայնքների ավագանու անդամների հայեցողությանը, մեզ իսկապես պետք են իրավական կարգավորումներ այդ հարցում, որ քվոտաներ սահմանվեն ավագանու անդամների թվի համար, որոնք կներկայացնեն խոշորացված համայնքում ներառված բնակավայրերը։ Որովհետև եթե բնակավայրը խոշոր  է, պետք է համապատասխան քվոտա ունենա, որ ավագանու այսքան  ներկայացուցիչ կարող է ունենալ, եթե բնակավայրը փոքր է՝ առնվազն այսքան պետք է ունենա։ Հակառակ դեպքում մենք այդ անհամամասնության արդյունքում չենք կարողանա պահպանել ավագանու հակակշիռ լինելը համայնքի ղեկավարին։ Ավելին, մենք այստեղ խնդիր ունենք ապահովելու բնակավայրերի բնակչների իրավունքների պաշտպանությունը, որպեսզի հնարավոր ռեսուրսներից օգտվեն նաև  բոլոր բնակավայրերը, եթե ոչ հավասարաչափ, ապա ըստ իրենց կարիքների։ 

- Նախկին Տարածքային կառավարման նախարարությունը խոսում էր համայնքների խոշորացման երկու սցենարի մասին՝ փնջային և շրջանային։ Ի վերջո, համայնքների մի մասի խոշորացման դեպքում կիրառվեց փնջային սցենարը, մի մասի դեպքում՝ շրջանայինը։ Այս մոտեցումը ճի՞շտ է, թե՞ բոլոր համայնքներում միասնական մոտեցում է պետք։ 

- Ես կասեմ՝ մեզ անհատական մոտեցում է պետք, որովհետև միանշանակ ասել՝ այս մոդելով ենք առաջ գնում կամ այն՝ դժվար է։ Միևնույն ժամանակ, պետք է սահմանված լինեն որոշակի չափանիշներ, որոնց միջոցով համայնքների խոշորացման հետագա գործընթացը և փնջերի ձևավորումը պիտի կազմավորվի։

Ինչո՞ւ եմ ասում անհատականացված մոտեցում, որովհետև շատ կարևոր է, որ մենք հաշվի առնենք համայնքների բնակիչների կարծիքը, նրանց տարբերակները, այն, թե ինչպես են նրանք պատկերացնում խոշորացման գործընթացը։

Երրորդ փուլում, երբ խոշորացումը տեղի ունեցավ, մենք այդ հարցում ոչ մի չափանիշ չունեինք և չպահպանեցինք։ Եթե առաջին երկու փուլերում՝ 2015 թ․ և 2016 թ․, որոշակի չափանիշներ կային, և ինչպես Դուք նշեցիք, մի դեպքում դա շրջանային տարբերակն էր, մյուս դեպքում՝ փնջերի ձևավորման տարբերակը, երրորդ փուլում որևէ չափանիշ, համենայն դեպս, փորձագետները դժվարանում են առանձնացնել։ 

Ես կարևորում եմ երկու չափանիշ․ մեկը ծառայությունների հասանելիության հնարավորությունն է։ Պետք է այնպես կազմակերպենք, որ խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի բնակիչները կարողանան օգտվել այդ ծառայություններից։ Իհարկե, հնարավոր չի լինի ամեն ծառայություն բերել, հասցնել մինչև բնակավայր (ընդ որում՝ մենք սրանից փորձեցինք հրաժարվել, որ կարողանանք մարդկային ռեսուրսներ խնայել և ունենալ մի տեղից կառավարման ընդհանուր մոտեցում), բայց գոնե պետք է հաշվի առնենք՝ որքանով է հնարավոր  ապահովել ծառայությունների հասանելիությունը։ 

Նաև շատ կարևոր է սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները հաշվի առնելը։ Ռազմավարության մեջ, որի համաձայն՝ պետք է իրականացվեր խոշորացումը, ի սկզբանե այս մասին նշված է։ Բայց մենք երևի թե կիրառման ընթացքում մոռանում ենք սրա մասին, այն հնարավորության մասին, որ հետագայում բնակավայրերի բնակչությունը միմյանց վստահի, ՏԻՄ-ին վստահի։ 

Եթե ի սկզանե այդպիսի հարաբերություններ, մշակութային ընդհանրություններ եղել են, ապա շատ դեպքերում ավելի նպատակահարմար է լինում համայնքների փունջը ձևավորել հենց այդպիսի առանձնահատկություններ կամ բնութագրիչներ ունեցող համայնքներից, այլ ոչ թե այն համայնքներից, որոնք, օրինակ, տարիներ շարունակ միմյանց հետ կապ չեն պահպանել։ Այդ դեպքում բնակչության մոտ էլ է հարց առաջանալու, թե ինչու, ի վերջո, այս համայնքի հետ, այլ ոչ թե մեկ ուրիշ։ 

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել