Հակառակորդի ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյան
13:44 - 26 հունիսի, 2020

Հակառակորդի ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև ՊԲ-ում կիրառվող հայրենական և օտարերկրյա արտադրության նշանոցներին և վերջին շրջանում համալրված կապի և տեսադիտարկման տեխնիկական միջոցներին, դրանց տեխնիկական հնարավորություններին:  Այցի ընթացքում նախագահը հետևել է նաև ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական պարապմունքին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բանակի հրամկազմին զորավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցուցադրած արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են:

Զորավարժությանը ներկա էին նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր  շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել