Միասնական քննությանը մասնակցելու համար մշտական ջերմություն ունեցողները պետք է պոլիկլինիկայից թուղթ ներկայացնեն |armtimes.com|
16:42 - 26 հունիսի, 2020

Միասնական քննությանը մասնակցելու համար մշտական ջերմություն ունեցողները պետք է պոլիկլինիկայից թուղթ ներկայացնեն |armtimes.com|

armtimes.com: Մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն կամ նման վիճակ ունեցող դիմորդները քննության օրը քննական կենտրոնի ղեկավարին պետք է ներկայացնեն բժշկական հսկողության ամբուլատոր քարտի քաղվածք համապատասխան հիմնավորմամբ (բնօրինակ):

Տեղեկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)։

Հուլիսի 2-ին Հայաստանում կսկսվեն միասնական քննությունները։ Ավելի վաղ նշվել էր, որ, երկրում տիրող համավարակով պայմանավորված, դրանք կանցկացվեն անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Դիմորդները նաեւ կջերմաչափվեն:

ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այս օրերին իրենց հաճախ են զանգահարում ծնողներ ու նշում, որ իրենց երեխայի ջերմությունը միշտ մի փոքր բարձր է։ Իրենք էլ հորդորում են նման դեպքերում այդ օրը բժշկի տեղեկանք բերել, որը կհաստատի, որ ջերմությունը քրոնիկ հիվանդության կամ պարզապես օրգանիզմի առանձնահատկության արդյունք է։

Գրիգորյանը հիշեցրեց, որ քննությունը մեկ փուլով է ընթանալու, հնարավորությունը բաց թողնելու դեպքում այս տարի չեն ընդունվի։

Այն հարցին, թե ինչպե՞ս են քննություն հանձնելու ինքնամեկուսացված քաղաքացիները, մամուլի քարտուղարը նշեց, որ չի կարող ասել. դա արդեն իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Այն պնդմանն էլ, թե ջերմություն ունեցող դիմորդները կարող են ջերմիջեցնող խմել եւ նոր մտնել քննության՝ այդպես վտանգելով բոլորի առողջությունը, նշեց, որ ռիսկ կարող է լինել, սակայն իրենք չէ, որ այդ հարցով պետք է զբաղվեն։ Իրենց գործը քննությունները բոլոր ցուցումներին համապատասխան կազմակերպելն է։

«Մենք հեռու-հեռու նստեցնելու ենք, դիմակներ, ձեռնոցներ ենք բաժանելու, ալկոգելները լինելու են, նստարաններն ախտահանվելու են»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ինչքան էլ բարդ լինի, ամբողջ ընթացքում հետեւելու են՝ դիմորդները դիմակը դեմքներից չիջեցնեն։

Նա հիշեցրեց, որ կազմակերպման հարցում ներգրավված են ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը։ Ամեն ինչ կանխատեսելն ու կանխելն իսկապես բարդ է, թեեւ այս ընթացքում ինչ էլ որոշվում է, շատ երկար քննարկումների արդյունքում է լինում։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել