Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը նոր անհարմարություն է ծնողների համար․ Աննա Հովհաննիսյան
22:10 - 29 հունիսի, 2020

Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը նոր անհարմարություն է ծնողների համար․ Աննա Հովհաննիսյան

2020  թվականի մայիսի 6-ին ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրեց, թե ինչպես պետք է ընթանա առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը։ Ըստ նախարարության տարածած հայտարարության՝ այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող՝ աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար։

Դպրոց հաճախելու համար առաջին դասարանցիների առցանց գրանցումը պետք է տեղի ունենար երեք փուլով․

1-ին փուլ

Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեին համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք, որտեղ պետք է մուտքագրվեր ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

2-րդ փուլ

Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից սկսած՝ hayt.emis.am կայքում պետք է մեկնարկեր բուն հայտագրման գործընթացը։ Այս տարի սահմանվել էր առաջնահերթություն․ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում պետք է հերթագրվեին հետևյալ հայտատուները՝

1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` գրանցվել կկարողանային  նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:

Հիշեցնենք, որ 2019 թվականին առաջին դասարանցիների առցանց գրանցման պիլոտային նախագիծը գործել էր միայն Երևան քաղաքի դպրոցների համար, այս տարի, սակայն, համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի պայմաններում այն գործում էր ՀՀ բոլոր պետական հանրակրթական դպրոցների համար։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես առցանց գրանցման մեթոդը ուղեկցվել է խնդիրներով և անհարմարություններ պատճառել ծնողներին։ 

Infocom.am-ը զրուցեց Երևանի բնակիչ Աննա Հովհաննիսյանի հետ, որը նույնպես բախվել է առցանց գրանցման խնդիրներին։

- Տիկին Հովհաննիսյան, խնդրում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչ խնդիրներ են առաջացել օնլայն գրանցման համակարգի հետ։

- Այս տարի աղջիկս պետք է ընդունվեր առաջին դասարան։ Մենք ապրում ենք հենց Տպագրիչներ փողոցի վրա, 71 դպրոցին շատ մոտ։ Հունիսի 1-ից մինչև 10-ը  ընդունելությունը բաց է եղել այն մարդկանց համար, որոնք արդեն այնտեղ սովորող երեխա ունեն կամ այնտեղ են աշխատում։ Ամսի 11-ի առավոտյան՝ ժամը 9-ին, ընդունելություն պետք է լիներ մնացածների համար։ Կա մի կայք, որտեղ պետք է գրանցվես, ապա ստուգես քո երեխայի տվյալները կա՞ն, թե՞ ոչ, հետո մտնես իրենց կայք։ Հունիսի 11-ին, ժամը 9։00-ին ես մտել եմ, որպեսզի գրանցվեմ, բայց այդ դպրոցում արդեն տեղեր չեն եղել։ Այսինքն՝ երեք րոպեում բոլոր տեղերը լրացել էին։ Ինչպես հասկացա՝ չի հաշվարկվում, թե այդ տարածքում քանի երեկա կա, առաջնահերթություն չի տրվել այդ տարածքի երեխաներին։ Ամեն մարդ կարող է այդ դպրոց գալ, չնայած դա պետական դպրոց է, օրինակ, մարդ կարող է ապրել Ավանում, բայց իր երեխան ընդունվի  այստեղ։

Ես, ապրելով այս տարածքում, ամեն տարի 250․000 դրամ գույքահարկ եմ վճարում, որով ֆինանսավորվում են նաև այդ տարածքի դպրոցները և այլն։ Չունեն ոչ մի հաշվարկ, թե այդ տարածքում քանի երեխա պետք է գնա առաջին դասարան, ու տեղերը սահմանեն այդ  հաշվարկի հիման վրա։ Գումարած դրան՝ ոչ ոք չի հարցնում քո բնակության հասցեն, չի հարցնում, թե որտեղ է գրանցված երեխան։ Այս խնդրին բախվել է նաև հարևանուհիս, և ստացվում է այնպես, որ մենք չկարողացանք մեր երեխաներին գրանցել այդ դպրոցում։ Դրա հետևանքով ես պետք է առավոտյան երեխային մեքենայով տանեմ այլ դպրոց, բայց ես չունեմ դրա հնարավորությունը։ Երեխան պետք է կարողանա ոտքով գնալ դպրոց, դա ամբողջ աշխարհում ընդունված բան է։ Մարդիկ հատուկ այլ վարչական շրջաններ են տեղափոխվում, որպեսզի իրենց երեխան գնա այդ վարչական շրջանի դպրոցը, իսկ մենք զրկված ենք այդ հնարավորությունից։ Հիմա չգիտեմ, թե իրենց համակարգն ինչպես է աշխատում, որ երեք րոպեում բոլոր տեղերը զբաղված են լինում․ 3 րոպեում ո՞նց կարող են բոլոր տեղերը լրանալ։

- Քանի՞ տեղ է եղել այդ դպրոցում առաջին դասարանցիների համար, և արդյոք այդ տեղերը իսկապե՞ս երեք րոպեում են լրացվել, թե՞ հնարավոր է՝ համակարգի խնդիր է եղել։

- Առաջին դասարանների համար բացվել է 3 դասարան, մոտ 90 աշակերտի տեղ է եղել։ Ինչքան հասկացա՝ մինչև հունիսի 11-ը մոտ 40 տեղ հատկացվել է ուսուցիչների երեխաներին, և այն երեխաներին, որոնք այդ դպրոցում արդեն ունեն սովորղ քույր կամ եղբայր։ Մնացած տեղերը զբաղեցվել են երեք րոպեում։

- Օրերս էլ նախարարն անդրադարձավ այս հարցին, քանի որ երկու տարի է՝ առաջին դասարանցիների ընդունելությունը իրականացվում է առցանց եղանակով։ Ձեր կարծիքով համակարգային խնդիր կա՞, թե՞ ոչ։

- Համակարգային խնդիր միանշանակ կա։ Անցած տարի այս նույն խնդիրը բարձրացավ, ու ինձ թվում էր, որ մինչև այս տարի լուծում կգտնեն։ Իրենք կարող են անձնագրային վարչութունից և այլ պաշտոնական աղբյուրներից իմանալ բոլոր տվյալները, դրանք իրենց հասանելի են։ Պետք է նախ հաշվառվի, թե քանի երեխա կա այդ տարածքում։ Այսինքն՝ տեղեր հատկացնելուց առաջ մոտավորապես պետք է հասկանան, թե քանի առաջին դասարանցի կա այդ տաածքում։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլորը կգնան այդ դպրոց, բայց գոնե մոտավոր հաշվարկ պետք է արվի։ Այս տարածքում այս դպրոցը միակ տարրական դասարաններ ունեցող դպրոցն է։ Պետք է, այսպես ասած, շառավիղ վերցվի, որ այս շառավիղը պատկանում է այս դպրոցին, բնակության վայրը պետք է առաջնահերություն լինի։ Բացի ֆինանսական և մյուս հարցերից՝ քաղաքը գերծանրաբեռնվածությունից թեթևացնելու համար են արվում նման բաները․ օրինակ, ես չեմ ուզում, որ իմ երեխան առավոտյան ընկնի այդ խցանումների մեջ։ Բացի այս ամենը՝ կա նաև երեխայի հաղորդակցման խնդիրը, երբ երեխան իր բակի ընկերների հետ գնում է նույն դպրոց, իրենց հաղորդակցությունն իրար հետ ավելի լավ է ստացվում։ Այնքան շատ հարցերի շուրջ կարելի է մտածել, բայց ես հասկանում եմ, որ մակերեսային լուծումներ են տվել։ Արայիկ Հարությունյանի անձնական, ռոբինհուդյան քայլերն են, որ արտոնյալ դպրոցներ չլինեն։ Բայց դա ի՞նչ է նշանակում, որ ես իրավունք չունե՞մ որոշել, թե իմ երեխան որ դպրոցում սովորի։ Ամեն դեպքում իրենց համակարգը չի աշխատում, և մարդկանց անհնարմարություն պատճառող գործընթաց է։ Նաև ընտանիքների համար ստեղծում է ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածություն։

- Խնդրի լուծման համար ի՞նչ տարբերակներ եք տեսնում, և արդյոք դիմե՞լ եք համապատասխան մարմիններին։

- Մենք նույն օրը գնացինք նախարարություն, մեզ ասացին, որ պարոն նախարարը չի հանդիպում մարդկանց հետ, քանի որ, երևի, ինքը շատ կարևոր է, մենք՝ այդքան էլ չէ։ Մեզ առաջարկեցին դիմում գրել, գրեցինք, բայց էնտեղ դիմումը անգամ չգրանցեցին, դիմումն ուղղակի գցեցինք մի արկղի մեջ։ Դա եղել է հունիսի 11-ին, ավելի քան երկու շաբաթ է անցել, բայց ոչ մի պատասխան չենք ստացել։ Իմ երեխան հիմա փաստացի ոչ մի տեղ չի գրանցվել, և սպասում եմ նախարարության շարժին, որ հասկանամ հետագա գործողություններս։ Այդ օրը միակ դպրոցը, որտեղ ընդունվելու տեղ կար, Շահումյանի դպրոցն է։ Ինչպես ես հասկացա՝ շատ վատ դպրոց է, և ստացվում է այնպես, որ ինձ անուղղակիորեն ստիպում են, որ ես իմ երեխային տանեմ այդ դպրոց։ Ո՞ր նորմալ ծնողը իր երեխային կտանի վատ դպրոց։ Եթե ուզում եք այդպես լինի, առաջին հերթին բոլոր դպրոցները կարգի բերեք, հասցրեք նույն մակարդակի, հետո նոր ինձ պարտադրեք, որ ես երեխայիս տանեմ այն դպրոցը, որը կա։ Մենք նույն օրը խոսել ենք նաև այդ դպրոցի տնօրենի հետ, նա նշեց, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Նախարարությունից էլ մարդիկ են եղել այդտեղ և տեսել են, որ երեք րոպեում բոլոր տեղերը զբաղեցվել են։ Իրենք ինչ եկել են, կրթական համակարգում ոչինչ չի փոխվել, փոխարենը այդ խնդիրները լուծեն, նման բյուրոկրատական քաշքշուկների մեջ են գցում մարդկանց։ 

Infocom.am-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ-ն լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից տեղեկացրին, որ առանձնահատուկ բողոքներ չեն եղել, հիմնական խնդիրը հենց այն է եղել, որ ծնողները չեն հասցրել սահմանված ժամկետներում գրանցել երեխաներին։ Նախարարության տվյալներով՝ եղել են անգամ դեպքեր, երբ ընդամնեը 30 վայրկյան անց դպրոցի տեղերը ամբողջությամբ լրացվել են, դրանք համակարգային խնդիրներ չեն, ուղղակի որոշ ծնողներ տվյալները լրացրել են ավելի վաղ և կարողացել են ավելի արագ գրանցվել։

Նշվում է, որ առցանց համակարգի գործարկման նպատակն է բոլորի համար ստեղծել հավասար հնարավորություններ, ապահովել թափանցիկություն, հարմարավետություն և բացառել արտոնյալ դպրոցներ ու ծնողներ ունենալու փաստը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել