Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը
 |armtimes.com|
21:40 - 26 հունիսի, 2020

Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը: Վերջին անգամ այս գործով նիստ էր կայացել փետրվար ամսին. դրանից հետո՝ մարտ եւ մայիս ամիսներին նշանակված երկու նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին:

Հիշեցնենք՝ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հատուկ միջոցներ գործադրելով, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Խոսքը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին է, երբ քաղաքացիները՝ այդ ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ, դուրս էին եկել փողոց՝ իշխող քաղաքական ուժի հրաժարականի պահանջով: Լեւոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է. այժմ հետազոտվում են 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութերը: Առաջին տեսանյութի ցուցադրումից հետո Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ տեսանյութով ընդհանուր տեսքով ֆիքսված են օրվա իրադարձությունները, սակայն դրանով հնարավոր չէ իրենց գործի լուծման համար էական փաստերը հաստատել կամ հերքել. «Չեն երեւում, թե ինչ պայմաններում եւ ովքեր են կիրառել հատուկ միջոցները, կան նաեւ տուժած անձանց կադրեր, եւ դարձյալ չի երեւում, թե ովքեր են նրանք, ինչ հանգամանքներում են վիրավորվել»,- ասաց նա:

Հաջորդ տեսանյութը դարձյալ նույն օրվա իրադարձությունների մասին էր, վերնագրված՝ «Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում»: Դրանում երեւում էր, թե ինչ իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ արձակելուց հետո: Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նույն հայտարարությունն արեց նաեւ այս տեսանյութի վերաբերյալ:

Երրորդ տեսանյութում երեւում էին այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցների դիմաց պատ կազմած ոստիկաններին տեղեկացնում էր, որ ինքը պատգամավոր է եւ պետք է գնա Ազգային ժողով՝ աշխատանքի: Նա բանակցություններ էր վարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի այդ ժամանակվա տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ բացատրելով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրեն ուղեցկելու են աշխատանքի. «Այսօր ընդունելության օր է, եւ ես հազարավոր քաղաքացիների պետք է ընդունեմ Ազգային ժողովում»,- ասում էր նա: Տեսանյութում երեւում է, որ Օսիպյանն ասում է, թե ԱԺ բարձրանալ կարող են միայն 4 պատգամավորները, եւ ինքը պատրաստ է նրանց ուղեկցել: Դրան արձագանքելով՝ Փաշինյանն նշում է, որ ոստիկանութնյունը չի կարող իր առաջ պայման դնել՝ ասելով, թե ինքը ինչպես պետք է գնա աշխատանքի, եւ ճեղքելով փշալարերը՝ առաջ է անցնում: Դրանից հետո արդեն իրավիճակը լարվում է, եւ կիրառվում են լուսաձայնային նռնակները:

Անդրադառնալով այս տեսանյութին՝ պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ սա ամենակարեւոր ապացույցն է, որին հետագա փուլերում իրենք ավելի առարկայական կանդրադառնան. «Այստեղ հստակ երեւում են մինչեւ հատուկ միջոցներ կիրառելը տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցուցարարների մի մասը հրում է ոստիկաններին, արգելապատնեշները բռնության գործադրմամբ գցում ոստիկանների վրա, արդյունքում փշալարերն են քաշվում, բայց կադրերն այստեղ ամբողջական չեն, հետո գալիս է հատուկ միջոցների կիրառումը, ամեն դեպքում, ժամանակագրությունը հստակ է. կոնկրետ ու բազմաթիվ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ. առաջինը եղել է փշալարը, որը մի պահ զսպել է, որ զանգվածային բախումներ չլինեն, բայց երբ արդեն փշալարերը չեն կարողացել այդ ճնշմանը դիմանալ, կիրառվել են սահմանափակ քանակով հատուկ միջոցներ, որից հետո իրադրությունը հանդարտվել է»: Պաշտպանի խոսքով՝ Երանոսյանը չի հերքել, որ կիրառել է հատուկ միջոցներ, պարզապես իրենց  պնդմամբ՝ դրանց կիրառումը եղել է իրավաչափ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել