Գյումրիի Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը լուծարվել է, երեխաների մեծ մասը վերադարձել է ընտանիք |shantnews.am|
12:04 - 27 հունիսի, 2020

Գյումրիի Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը լուծարվել է, երեխաների մեծ մասը վերադարձել է ընտանիք |shantnews.am|

shantnews.am: Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկն այսօրվանից համարվում է լուծարված։ Փոխարենը նախատեսվում է   տեղում ստեղծել երկբաղադրիչ աջակցության կենտրոն, որտեղ ժամանակավորապես կխնամվեն կարիքի մեջ հայտնված ու հրատապ օգնության կարիք ունեցող երեխաները, ու նաև ցերեկային խնամք կստանան տուն վերադարձածները:

Հաստատության սաներից շատերը մարտից ապրում են իրենց ընտանիքներում և ստանում են պետական աջակցություն։ Գիշերօթիկում այս պահին խնամվողները ռիսկային խմբում գտնվողներն են, որոնց տուն վերադարձն անհնարին է կամ վտանգավոր:

Գիշերօթիկ հաստատությունն այս ամիսներին աշխատում է փակ ռեժիմով: Համավարակով պայմանավորված՝ մուտքն ու ելքն արգելված է բոլորի համար, նույնիսկ երեխաների ծնողների կամ խնամակալների տեսակցություններն են արգելված, իսկ աշխատակիցները մնում են հաստատությունում, երկու շաբաթը մեկ հերթափոխ են կատարում միայն թեստավորվելուց հետո:

Հաստատությունում գրանցված ու խնամվող երեխաները 80-ն են, այս պահին գիշերօթիկում մնում է 21 երեխա։ Այստեղ էին տեղափոխվել փակված թիվ 1 գիշերօթիկի և Թռչունյան տան երեխաները: Նրանց մեծ մասը մինչև կարանտինը վերադարձել էին ընտանիքներ:

«52 երեխաներ, ծնողների դիմումների համաձայն, ոչ թե դուրս են գրվել, այլ պարզապես քանի որ կարանտին էր, ժամանակավորապես  վերադարձել են ընտանիք, բայց հիմա կա նաև առաջարկ-որոշում, որ եթե առաջարկ լինի, իրենք պատրաստ են իրենց երեխաների հետագա խնամքն իրականացնել տանը։ Ծնողներն այդ պարտականությունը վերցնում են իրենց վրա»,- նշել է Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։

Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունը որպես այդպիսին այսօրվանից չի գործում, այն նոր գործառույթներով՝ շուրջօրյա և ցերեկային խնամքի բաղադրիչներով վերակազմակերպվում է ճգնաժամային կենտրոնի։ Շուրջօրյա խնամքի հնարավորություն կստանան այն երեխաները, որոնց ընտանիք վերադարձը ռիսկային է։

«Նախատեսված է, որ արագ, հրատապ տեղավորման կարիք ունեցող երեխաներն աջակցություն կստանան ճգնաժամային աջակցության կենտրոնում, նրանց կարիքներն ամբողջությամբ կգնահատվեն և կիրականացվեն հետագա ուղղորդումներ։ Մի երեխայի դեպքում դա կարող է լինել վերադարձ կենսաբանական ընտանիք, մեկ այլ երեխայի դեպքում դա, օրինակ, կարող է լինել խնամատար ընտանիքը կամ որդեգրությունը»,- ասել է նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

Ռիսկային գոտում հայտնված երեխաների՝ ճգնաժամային կենտրոնում մնալու սահմանված առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց այդ ընթացքում ուսումնասիրություններ են տարվելու նման երեխաների՝ ընտանիք վերադարձի հնարավորությունները գնահատելու ուղղությամբ։

Ընտանիք վերադարձած բոլոր երեխաները կընդգրկվեն ցերեկային խնամք իրականացնող հաստատություններում, որոնք, ըստ պատասխանատուների, Շիրակի մարզում շատ են։

«Բավականին շատ են այն կազմակերպությունները, որոնք կազմակերպում են երեխաների ցերեկային խնամք և աջակցություն։ 164 երեխա Շիրակի մարզում արդեն ընդգրկված է այդ ծառայություններում։ Ցերեկային աջակցության կենտրոնների ծածկույթը մարզում բավականին մեծ է»,- նշել է Անահիտ Քալանթարյանը։

Շարունակությունը՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել