20 օրյա ժամկետում ՍԴ-ն  պետք է հրավիրի  աշխատանքային նիստ և որոշի՝ մեր դիմումը վարույթ ընդունվում է, թե ոչ․ Նաիրա Զոհրաբյան
12:11 - 29 հունիսի, 2020

20 օրյա ժամկետում ՍԴ-ն պետք է հրավիրի աշխատանքային նիստ և որոշի՝ մեր դիմումը վարույթ ընդունվում է, թե ոչ․ Նաիրա Զոհրաբյան

Ես որքան տեղյակ եմ, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 20 օրյա ժամկետում իրենք պետք է հրավիրեն աշխատանքային նիստ և որոշեն՝ մեր դիմումը վարույթ ընդունվում է, քննվում է, թե մերժում են մեզ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով  Սահմանադրական վերջին փոփոխությունների սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկելու նպատակով իրենց կողմից ուղարկված դիմումին։ Զոհրաբյանն իր խոսքում անդրադարձավ նաև ընդհանուր իրավիճակին․

«Ընդհանուր իրավիճակը տեսնում եք, մեր հարյուրավոր համակիրների շարունակում են հրավիրել տարբեր քննչական բաժիններ, ինչ-որ հետախուզական բաժիններ, նրանց տալիս են անհեթեթագույն հարցեր, օրինակ ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին և հարցրել են՝ «Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է», ասել է՝ «այո իմ ընկերն է, իմ մտերիմն է» ։  Ասել են՝ «Դուք իրեն ամեն օր  զանգո՞ւմ եք», ասել է՝ «այո, ստեղից դուրս գամ էլի եմ զանգելու»։ Ասել են՝ «իսկ Երևանի ավագանու ընտրությւոնների ժամանակ տիկին Զոհրաբյանը կարո՞ղ ա Ձեզ ասել ա, որ պլակատ բռնեք»։ Նկատի ունեն այն, որ մենք գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի, ասել է՝  «մի հատ ինձ նայեք , ես նմա՞ն եմ պլակատ բռնող մարդու»։

Քանի որ ԱԱԾ-ն նաև իմ մասով է հնագիտական պեղումներով զբաղված, որ ասենք պեղեն, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ես ինչ-որ մեկին ասել եմ՝ այս ինչ բանի դիմաց քվեարկիր։ Հիմա ես ձեզ բոնուս եմ տալիս, հարգելի ԱԱԾ, իմ դեպքում մեծացրեք շրջանակը, իջեք առաջին ընտրությանը, որին ես մասնակցել եմ՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների բոնուսը ձեզ, 2012 , 2017,2018 թվականների համապետական ընտրությունների բոնուսը ձեզ։ Եթե դուք կգտնեք այս մոլորակի վրա գեթ մեկ հոմո սափիենս, ով փաստարկված, պատասխանատու հայտարարություն կանի, որ Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար, բամբաներկա կամ մեկ այլ բան է տվել կամ խոստացել է, և ասել է ձայն կբերես ինձ կամ իմ կուսակցությանը, ապա  ես պատրաստ եմ ընդունել իմ մեղքը և կասեմ, որ դուք ճիշտ էիք, ես սխալվեցի։

Կրկնում եմ, եթե այս մոլորակի վրա կպեղեք  մի բանական մարդ, ով փաստերով, ոչ թե թղթի վրա գրած ասի դա, ես կընդունեմ իմ մեղքը։ 

Մի նախադեպի մասին էլ ասեմ՝  2018 թվականի ընտրություններին, քանի որ ես առաջադրվել էի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, եղել են գյուղեր , որտեղ ես ստացել եմ զրո ձայն  և անգամ հանձնաժողովում մեր կողմից ներկայացված ներկայացուցիչը իմ օգտին չի քվեարկել, որովհետև , երբ ես իրեն ներկայացրել եմ հանձնաժողով, ես նրան չեմ ասել՝ ինձ կընտրես, մի երկու- երեք նման գյուղ եղել է։  Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, որ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք, թե չուզեք համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի, բամբաներկայի կամ այլ բանի դիմաց»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքին, Զոհրաբյանը նշեց, որ 124 քննիչներ հանված են իրենց այլ գործերից  և կցված են միայն  Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն։

«Ես կարծում եմ և նորից եմ կրկնում եմ,  որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը անհեթեթ է, և շարունակում եմ պնդել, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ»,- ասաց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել