armtimes.com: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ցանկանում է էլեկտրոնային առեւտուրը հարկել ավելացված արժեքի հարկով եւ այդ ոլորտի հսկաներին բերել հայաստանյան հարկային դաշտ։ Այդ հարցով շաբաթներ առաջ ՊԵԿ-ում տեսակոնֆերանս է կայացել ոլորտի խոշորագույն դերակատարների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են՝ «Microsoft», «Google», «Facebook», «Booking.com», «Netflix», «Amazon», «Spotify», «KPMG» եւ այլ ընկերությունները:

Ըստ էության՝ ՊԵԿ-ը ցանկանում է եկամուտ ստանալ ՀՀ քաղաքացիների՝ համաշխարհային ընկերությունների ծառայությունների դիմաց վճարած գումարից։

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է էլեկտրոնային առեւտրի հարկումը։

«Պատկերացրեք՝ երեխաները խաղեր են ներբեռնում, ծնողները հավելվածներ են ներբեռնում վիրտուալ եղանակով, եւ այդ ծառայությունները մատուցում են համաշխարհային կազմակերպությունները՝ «Google»-ը, «Apple»-ը եւ այլն։ Բայց նրանք այդ ծառայությունները ինչ-որ երկրում մատուցելու դիմաց պետք է այդ երկրում ԱԱՀ վճարեն»,- ասաց Փաշայանը՝ հավելելով, որ այս պարագայում այդ ընկերությունները պետք է ՀՀ բյուջե հարկ վճարեն՝ ԱԱՀ-ի 20 տոկոսի չափով։

ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ ցանկացած ծառայության մատուցման համար ԱԱՀ-ն պետք է վճարվի այդ երկրի օրենսդրությամբ ծառայությունների մատուցման վայրում։

«Մենք Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) անդամ ենք։ Դեռեւս 9 ամիս առաջ ես հանդիպել եմ այդ կազմակերպության էլեկտրոնային առեւտուրը կարգավորող մարմնի ղեկավարի հետ։ Իրենց համար մենք ընդհանուր առմամբ շատ փոքր շուկա ենք, բայց ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք այնպիսի էլեկտրոնային հարթակ ստեղծել, որ այդ կազմակերպությունները ոչ մի բան չունենան անելու, ուղղակի կգրանցվեն այդ էլեկտրոնային հարթակում ու իրենց տարեկան հաշվարկը կներկայացնեն կամ, այսպես ասած, կինքնահայտարարագրվեն»,- ներկայացրեց նա։

Փաշայանը նշեց՝ քանի որ այդ կազմակերպությունների 99 տոկոսը ֆոնդային բորսաներում են գրանցված, նրանց համար մի քանի հազար դոլար թաքցնելը վարկանիշի առումով ավելի բացասական կազդի, քան երբ վճարեն այդ գումարը։

Նա վստահ է՝ էլեկտրոնային առեւտրով զբաղվող ընկերությունները ինքնահայտարարագրման ռեժիմի ժամանակ եկամուտներ թաքցնելու ռիսկի չեն գնա։ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ ՏՀԶԿ-ից իրենց հայտնել են, թե որ կազմակերպություններն են ուզում մասնակցել տեսակոնֆերանսին։ Այնուհետեւ՝ առաջին քննարկման ժամանակ, խոսել են ձեւերի մասին եւ լսել այդ կազմակերպությունների բարձրացրած հարցերը։

Քննարկման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ցանկանում Հայաստանում ֆիզիկական ներկայացուցիչ ունենալ, քանի որ դա իրենց համար լրացուցիչ ծախս է. «Ասացինք՝ խնդիր չկա, ամբողջը կանենք վիրտուալ միջավայրում։ Ասացին՝ տվեք մեզ երկրների ցանկ, որոնց հետ ունեք նմանատիպ փորձ։ Ներկայացրինք մեր էլեկտրոնային կառավարման համակարգերը, քանի որ իրենց համար դա շատ կարեւոր է։ Եթե դու՝ որպես պետական կառավարչական մարմին, այս դեպքում՝ հարկային մարմին, ՏՏ հենքի վրա ես, ապա այդ կազմակերպությունները ցանկանում են քեզ հետ բանակցել, եթե՝ ոչ, դա իրենց համար բարդություն է ստեղծում։ Ու նրանք ասացին, որ պատրաստ են մեզ հետ աշխատել»։

Անդրադառնալով սպասվող քայլերին՝ Փաշայանը նշեց, որ առաջին քայլով նախատեսում են պարզ եւ հարմարավետ համակարգ նախագծել, ապա ՏՀԶԿ-ի միջոցով դա ուղարկել այդ կազմակերպություններին, եթե դրական արձագանք ստանան, Հայաստանում կսկսեն օրենսդրական փոփոխություններ մշակել, որպեսզի կարողանան վիրտուալ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխություն կատարել։

«Բացի հարկային օրենսգրքից եւ դրան առնչվող իրավական փոփոխություններից, մենք այստեղ նաեւ հանդիպելու ենք մի այլ խնդրի՝ էլեկտրոնային ստորագրության հետ կապված։ Էլեկտրոնային ստորագրության եւ էլեկտրոնային փաստաթղթի մասին ՀՀ օրենքով էլեկտրոնային փաստաթուղթ է համարվում միայն այն փաստաթուղթը, որը ստորագրված է հավատարմագրված հավաստագրման կենտրոնի կողմից, իսկ էլեկտրոնային ստորագրության համար փաստացի մարդը պետք է գա ՀՀ եւ այստեղ ստանա այդ ստորագրությունը, ինչը իրականում շատ մեծ խոչընդոտ կլինի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ էլեկտրոնային ստորագրության հարցը կարող է խնդիր դառնալ նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակ. «Պատկերացրեք 1.5 միլիոն մարդ ֆիզիկապես գնա էլեկտրոնային ստորագրություն ստանա։ Դրա համար մենք ուզում ենք այդ պրոցեսը փոխել։ Փորձելու ենք այնպես անել, որ մարդիկ կարողանան վիրտուալ եղանակով որեւիցե հավաստող փաստաթղթի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ստանալ, կամ ընդհանրապես էլեկտրոնային ստորագրությանն այլընտրանքային մեթոդ ստեղծվի»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում