armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորների անունից խորհրդարան է ներկայացվել ԱԺ որոշման նախագիծ՝ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Հավանաբար հենց վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ այս նախագիծը քննարկելու համար: 

Նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Հանրաքվեն չեղարկելու որոշումը հիմնավորվում է նրանով, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվեց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Նշվում է նաեւ, որ հանրաքվեի դրվող հարցը կարգավորվել է Ազգային ժողովում հունիսի 22-ին իրականացված եւ 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով: Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել Վահագն Հովակիմյանը: