Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
19:01 - 29 հունիսի, 2020

Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու կարիք է տեսնում։ Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Ի հեճուկս ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակի՝ նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության պարագայում, բազմաթիվ հայրենակիցներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։ Շաբաթ  և կիրակի օրերին մենք ականատես ենք եղել ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների տեսարանների։ Ի հեճուկս այն բանի, որ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, դրանք չեն օգտագործվում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ինքը որևէ մեկին ամենևին չի մեղադրում։

Վարչապետը հարկ համարեց ընդգծել, որ Հայաստանում հաստատված դեպքերի քանակը ցույց է տալիս, որ առանց բացառության՝ բոլորն, այդ թվում հենց ինքը, որքան կարողացել են, քամահրական վերաբերմունք են ցուցաբերել հակահամաճարակային կանոնների վերաբերյալ։

 «Քանի որ այս երևույթը նման մասշտաբներ է ստացել մեր երկում, կարծում եմ, որ բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու, հակառակ դեպքում մենք չենք կարողանալու հաղթահարել այս իրավիճակը։ Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ կլինեն դրանք քաղաքացիներին սպասարկող կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունք տրամադրող ստորաբաժանում, անձնագրային բաժիններ, առողջապահական կազմակերպություններ, քննական կենտրոններ, զորակոչման հավաքակայաններ  և այլն։ Պետք է բացառվի առանց դիմակների անձանց՝ այդ տարածքներում գտնվելը, և պահպանվի սոցիալական հեռավորությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել