Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը նշել է, որ տարիներ ի վեր պատասխանատուների անհեռատես աշխատանքի պատճառով մայրաքաղաքը զրկված է եղել ուրույն ոճ ունենալու հնարավորությունից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկել Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ, դրա կարևորությունից ելնելով, վերջնական տարբերակը կքննարկվի նաև Անվտանգության խորհրդի նիստում:

Հանրապետության նախագահի խոսքով՝ այն հիմք է հանդիսանալու նաև նախկինում կառուցված շենք-շինություններին անդրադառնալու և, անհրաժեշտության դեպքում, դրանք ձևափոխելու կամ քանդելու որոշում կայացնելու համար:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: