2013-ից սկսած՝ Աշխատանքի տեսչությունը փուլ առ փուլ թուլացվում էր, իսկ հիմա հակառակ միտումը կա․ Ավետիք Մեջլումյան
21:35 - 29 հունիսի, 2020

2013-ից սկսած՝ Աշխատանքի տեսչությունը փուլ առ փուլ թուլացվում էր, իսկ հիմա հակառակ միտումը կա․ Ավետիք Մեջլումյան

Հայաստանում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվող պետական հսկողության, նախկին և ներկայիս կառավարությունների վարած քաղաքականությունների տարբերությունների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Ավետիք Մեջլումյանի հետ։ Վերջինս «ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահոսկողության խնդիրները» ծավալուն ուսումնասիրության հեղինակն է։

- Նախկին Աշխատանքի պետական տեսչության լիազորությունները օրենքով շատ լայն էին, և կարելի է ասել՝ այն ամբողջական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ուներ աշխատանքային օրենսդրության, իրավական ակտերի նկատմամբ։ Գործնականում և՞ս այդպես էր, այդ Տեսչությունն իսկապե՞ս լիարժեք գործում էր։


- Ես 2014 թվականից սկսած եմ ուսումնասիրել Աշխատանքի տեսչության վերաբերյալ հարցերը, դրանից մեկ տարի առաջ՝ 2013-ի հուլիսի 25-ին, ընդունվել էր կառավարության հայտնի որոշումը, որով Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն ու Աշխատանքի պետական տեսչությունը միավորվեցին։ 2014-ից սկսած՝ Աշխատանքի պետական տեսչությունը փաստացի գոյություն չուներ։ Այլ խնդիրներ էլ էին առաջացել․ իրենց ամբողջ արխիվը, հաշվետվությունները անհասանելի էին, կայքն էլ չկար, և իրականում դժվար էր ռեալ գնահատել, թե Տեսչությունը որքանով է արդյունավետ գործել։ Այնուամենայնիվ, մոտ մեկ տասնյակի հասնող փորձագետները, որոնց հետ ես խոսել եմ, մեծամասամբ դրական էին գնահատում աշխատանքի պետական տեսչության գործունեությունը։ Նաև համեմատության մեջ դնելով այլ տեսչությունների հետ՝ ասում էին, որ սա բավականին սրտացավ էր մոտենում գործին, գործատուների նկատմամբ իսկապես ուներ ազդեցություն։

- Աշխատանքի պետական տեսչությունից հետո Առողջապահության նախարարության կազմում 2 անգամ տեսչական մարմիններ ստեղծվեցին, որոնց՝ վերահսկողություն իրականացնելու լիազորությունների շրջանակն էապես փոքր էր։ Կառավարությունը դա կարծես տեսչական բարեփոխումներով, օպտիմալացումներով էր հիմնավորում, սակայն, ըստ Ձեր կատարած ուսումնասիրությունների, ո՞րն էր այդ միացումների իրական պատճառը։

- Երկու շերտ կարող ենք առանձնացնել․ մեկն ավելի ֆորմալ ու տեսանելի, մյուսը՝ ստվերային։ Տեսանելին 2009 թվականին ընդունված հայեցակարգն էր, որտեղ կառավարությունը մի շարք խնդիրներ էր նշում՝ ստուգումները տեսչական մարմինների կողմից հաճախակի են չհամակարգված և ոչ տեղին, տեսուչների կոպիտ և անհարգալից վարքագիծ, ծանրաբեռնող կանոններ, վարչական կոռուպցիա, ոչ թափանցիկ տեսչական գործընթաց և այլն։ Մի խոսքով՝ բոլորիս հայտնի խնդիրներ։ Բայց այս հայեցակարգը չէր վերաբերում միայն Աշխատանքի պետական տեսչությանը, այլ, ընդհանուր առմամբ, անդրադառնում էր բոլոր տեսչություններին, բոլորում էլ այդ խնդիրները կային։ Եվ այս ամենից խուսափելու համար հայեցակարգն ուղի էր որդեգրել, որ պետք է տեսչական ստուգումները նվազեցվեն և այլն։

Սա երևացող շերտն էր, իսկ մյուսը, որն ինձ ոլորտի փորձագետներն են պատմել, այն էր, որ Համաշխարհային բանկի կողմից կառավարությանն ուղղված պահանջ է եղել Աշխատանքի պետական տեսչության դերը նվազեցնելու, որ բիզնեսին չխանգարի։ Բարդ է ասել՝ ինչքանով է դա հիմնավորված։ Սա, իհարկե, որևէ տեղ չի արձանագրվել, ուղղակի խոսակցությունների մակարդակում էր, որ նման առաջարկ է ներկայացրել ՀԲ-ն, ու դրանից հետո սկսել են տեսչությունն աստիճանաբար թուլացնել։


- Այժմ գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ևս դեռ միայն աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ է վերահսկողություն իրականացնում, նաև մի փոքր խմբի աշխատանքային իրավունքների պաշտպանության՝ մինչև 18 տարեկաններ, հղի կանայք․․․ Նորմա՞լ պրակտիկա է աշխարհում, որ աշխատողների իրավունքներին վերաբերող այլ կարևորագույն դրույթների նկատմամբ պետական վերահսկողություն ընդհանրապես չկա։

- Շատ հետաքրքիր հարց է, որը հաճախ է քննարկվում։ Նախ, տեսեք, երբ Հայաստանը համեմատում են աշխարհի երկրների հետ ու ասում՝ այսինչ երկրում էլ տեսչությունն ունի սահմանափակ գործառույթներ, և ոչ մի խնդիր չի առաջանում, հաշվի չեն առնում, թե այդ երկրներում աշխատողների իրավունքների պաշտպանության մյուս մեխանիզմներն ինչպիսին են։ Օրինակ՝ դատարանի միջոցով իրավունքները վերականգնելը, վնասի փոխհատուցում ստանալը և այլն։ Մյուսը կայացած արհմիություններն են, որոնք շատ լուրջ ազդեցություն ունեն, ճնշում են գործադրում գործատուների վրա։ Երրորդն արդեն լուռ համաձայնությամբ ձևավորված ավանդույթներն են, որոնք թույլ չեն տալիս՝ գործատուն շահագործի աշխատողներին, օրենսդրություն խախտի։ Այսինքն՝ համեմատությունն ընդունելի չէ, որովհետև այդ երկրներում կան իմ նշած և այլ բնույթի մեխանիզմներ, որոնք փոխլրացնում են տեսչության բացերը, և կարող է նույնիսկ տեսչության կարիք չլինել։ Բնականաբար, կարևոր է նաև ընդհանուր իրավագիտակցությունը, մարդկանց իրազեկվածությունն իրենց աշխատանքային իրավունքներին, այսինքն՝ երկրի ընդանուր մշակույթը։ Իսկ Հայաստանում, իմ համոզմամբ, տեսչության կարիքը դեռ երկար ժամանակ լինելու է։

Բացի այդ, երբ ասում են, թե այլ երկրներում տեսչություններ կան, որ մեր տեսչության պես զբաղվում են միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության հարցերով, կարևոր նրբություններ բաց են թողնում․ առաջինը՝ այնտեղ անվտանգություն ու առողջություն ասվածը հարցերի լայն շրջանակ է ներառում, օրինակ՝ պայմանագրում ինչ չափով են արտացոլված անվտանգության ու առողջության պահպանման հարցերը, կամ մարդը օրվա մեջ քանի ժամ է աշխատում, որովհետև եթե չափից շատ է աշխատում, բնականաբար, դա ազդում է իր առողջության ու անվտանգության վրա և այլն։ Իսկ մեր երկրում անվտանգությանն ու առողջությանը շատ նեղ են նայում, և հարակից պայմանները՝ աշխատողը պայմանագիր ունի՞, թե՞ չունի, անօրինակա՞ն է, թե՞ ոչ, քանի՞ ժամ է աշխատում և այլն, ուշադրությունից դուրս են մնում։ Կենտրոնանում ենք զուտ սանիտարական պայմանների կամ անվտանգությանը վերաբերող նեղ նորմերի վրա։

Մեզ հատուկ խնդիր է նաև այն, որ այդ նորմերը մինչև հիմա սահմանված չեն։ Ասվում է՝ աշխատողների առողջության, անվտանգության նկատմամբ վերահսկողություն, բայց որո՞նք են այդ նորմերը, որ տեսուչները կարողանան գործատուին հստակ ասել՝ ա՛յ, քեզ մոտ սա խախտվել է։ Փորձագետները, նախկին տեսուչները ասում են, որ այս ամենը համակարգված չէ, ցրված են շատ տարբեր ակտերի մեջ։ Մյուս խնդիրն այն է, որ դրանց մի մասը սովետական ժամանակներից իներցիայով եկած նորմեր են, որ հիմա գուցե հնացած են ու անիմաստ։ Մի օրինակ էին բերում, որ նորմ կա՝ համակարգչի էկրանի առջև նստած մարդը պետք է պաշտպանիչ ակնոց դնի։ Դա դեռ 80-ականներից է եկել, որովհետև այն ժամանակ էկրանները լավը չէին, իսկ հիմա պարզ է, որ ոչ ոք հատուկ ակնոց չի դնի։ Այս մասին շատ է խոսվել, բայց նորմերը կարծես դեռ միասնական փաստաթղթով չկան։

Բացի դա, մենք շատ ենք նայում տեսչական մարմինների գործառույթներին, լիազորություններին, բայց նաև շատ կարևոր է, թե ինչպիսի մշակույթում է գործում այն։ Կարևոր է տեսուչների արժեհամակարգը, թե ինչպես են մոտենում հարցերին։ Գիտենք, որ մեզ մոտ շատ հարցեր ստուգաթերթերով են սահմանվում, ինչը լավ է կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, բայց տեսուչները կարող են առօրյա կյանքում տեսնել, օրինակ, տաքսու վարորդների կամ մատուցողների աշխատանքային շահագործմանը, անվտանգության հարցերին վերաբերող իրավիճակներ, բայց չունենան հետևողականություն, որ այդ իրավունքները վերականգնեն։ Իմ տպավորություններով՝ շատ երկրներում տեսուչների գործունեությունն արժեքահեն է, մարդիկ հավատում են դրան, ու անկախ նրանից՝ այդ պահին ստուգման մեջ են, թե ոչ, փորձում են ուշադիր լինել միջավայրի հանդեպ ու իրենց առաքելությունն իրականացնել՝ չնայելով աշխատանքային ժամ է, թե ոչ։ Սա ոչ թե անձի, այլ միջավայրի հարց է։ 

- Իսկ մեզ մոտ, երբ տեսչականն մարմինը բացահայտում էր, որ, օրինակ, աշխատողի աշխատավարձը չի վճարվել, անո՞ւմ էր այնպես, որ դա վճարվի, վերականգնո՞ւմ էր աշխատողի խախտված իրավունքները, թե՞ պարզապես տուգանում էր գործատուին ու գնում։

- Հիմնվելով այն կարծիքների վրա, որ ուսումնասիրության ժամանակ ինձ հարցազրույցների ընթացքում ասում էին՝ երկու մոտեցումն էլ եղել է։ Ե՛վ ասում էին, որ տեսչությունը տուգանում էր, իսկ մարդու իրավունքները մնում էին չվերականգնված։ Ե՛վ ասում էին, որ տեսչությունը կարողանում էր մարդկանց բավականին օգնել։ Բայց վատն այն էր, որ ըստ փորձագետների, հիմնականում օգնում էր իր հեղինակության, վախեցնող դերի շնորհիվ և ոչ այնքան՝ նորմերի վրա հիմնված։ Եվ ասում էին՝ գործատուների մեծ մասը, որպեսզի գլխացավանքի մեջ չընկնի, հիմնականում հարցերը լուծում էր հօգուտ աշխատողի։ Բայց քանի որ սա անհատական կարծիքիների վրա է հիմնված, դժվար է ծավալը գնահատել։

- Աշխարհում տեսչական մարմինների երկու հիմնական ռազմավարություն կա՝ պատժողական, ըստ որի՝ վերահսկողությունը հիմնականում իրականացվում է տույժեր կիրառելով, և համաձայնեցման, երբ կարևորվում է կանխարգելումը, բանակցությունները։ Հիմա, Ձեր կարծիքով, մեր տեսչական մարմինը  ո՞ր ռազմավարությամբ է աշխատում, և Հայաստանի պայմաններում ո՞ր մեթոդն ավելի արդյունավետ, գործուն կլինի։

- Ներկայիս Տեսչական մարմնի մասին դժվար կլինի բան ասել։ Իրենց կայքում շատ հետաքրքիր մի բան ունեն գրած՝ Տեսչական մարմնի վերակազմավորումից՝ 2018թ-ի հունիսի 11-ից հետո, մի շարք խնդիրներով պայմանավորված, հնարավորություն չի եղել ապահովել օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացումը։ Այսինքն՝ երկու տարի է անցել, բայց ԱԱՏՄ պաշտոնական կայքում կա այս ինֆորմացիան, որ այո՛, մենք մինչ այժմ չենք կարողացել մեր լիազորություններն իրականացնել։ Ճիշտ է, վերջին պարբերության մեջ ասում են, որ 2019 թվականի օգոստոսին հաստատվել են պակասող օրենսդրական նորմերը, և 2020-ին կարող են սկսել իրենց ստուգումները, սակայն եթե հիմա որևէ ռեալ գործ չի արվում, ռազմավարության մասին էլ բարդ է խոսել։ Կարող ենք ասել, որ 2013-ից մինչ այսօր գրեթե գործ չի արվել, որ գնահատենք։ Մինչև այդ, ըստ փորձագետների, համեմատած մյուս տեսչական մարմինների հետ՝ Աշխատանքի պետական տեսչությունն ավելի համագործակցային էր, ավելի բացատրողական, գործընկերային։ Բնականաբար, պատժողականն էլ է եղել, բայց մյուսը մի փոքր գերակշռել է, թեև բարդ է հստակ ասել՝ ինչքանով է այդպես եղել։

Կարծում եմ՝ համագործակցայինն ավելի արդյունավետ կարող է լինել, և դա ոչ միայն Աշխատանքի տեսչությանն, այլ ընդհանրապես պետական մարմինների ու մասնավորի համագործակցության այլ ոլորտներին էլ է վերաբերում։ Պատժողականն ինչո՞վ է վատ եղել․ խոշոր գործատուների համար տուգանքներ վճարելը որևէ խնդիր չէ, նույնիսկ գուցե ձեռնտու է վճարել մի քանի հարյուր հազար կամ թեկուզ միլիոն տուգանք, ոչ մի պայման չբարելավել աշխատողների համար և շարունակել նույն ձևով աշխատել։ Հաշվի առնելով, որ տեսուչների թիվն էլ բավականին նվազել է, ֆիզիկապես հնարավոր չի լինելու բոլորին հաճախ այցելել, ստուգել։ Խոշոր գործատուները շահելու են, աշխատողներն ու փոքր բիզնեսի գործատուները՝ տուժելու։ Այսինքն՝ դա միայն բյուջեն լցնելու խնդիր է լուծում, ինչն էլ հիմա կարծես թե մերժված մոտեցում է։ Գումարած դրան՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության հանձնարարականներն ու հետազոտությունները խորհուրդ են տալիս անցնել աջակցող, խորհրդատվական մոդելին։

- Այն, որ այսօր ԱԱՏՄ-ն կառավարությանը ենթակա մարմին է և նախարարությունների կազմում չէ, կարո՞ղ ենք առաջընթաց համարել, թե՞ մեծ հաշվով տարբերություն չկա՝ ինչ կարգավիճակով կգործի Տեսչականը։

- Ֆորմալ առումով՝ դրական է, այն հիմնավորմամբ, որ երբ տեսչությունը հենց քաղաքականություն մշակող մարմնի կազմում է, ինչպիսին նախարարությունն է, և մյուս կողմից պետք է իրականացնի ստուգումներ, իսկ մշակված քաղաքականության իրագործումը կարծես թե ապահովում են թե՛ նախարարությունը, թե՛ այլ մարմիններ, շահերի բախման խնդիր է առաջ գալիս։ Նույն մարմնի կազմում գտնվելը կարող է կաշկանդել Տեսչությանը, որ շատ հարցերի վրա աչք փակի կամ ուղղակի ներգերատեսչական շահերից ու մշակույթից ելնելով՝ այդքան հետևողական չլինի։ Հիմա, երբ տեսչական մարմինները նախարարությունների կազմից դուրս են, ֆորմալ առումով՝ այո՛, կարծես ավելի անկախ են։ Բայց այստեղ էլ մի նրբություն կա, որ տեսչական մարմինների ղեկավար խուրհուրդները, որոնք, կարելի է ասել, ռազմավարական կառավարումն են իրականացնում, ամեն ինչ հաստատում, ղեկավարներն էլի նույն պետական մարմնի ղեկավարներն են։ Օրինակ՝ նշված է, որ ԱԱՏՄ խորհրդի նախագահը առողջապահության կամ աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարն է, այսինքն՝ առողջապահության կամ ԱՍՀ նախարարը։ Եվ հաշվի առնելով, որ այդ խորհուրդը մեծ մասամբ էլի համալրվում է վարչապետի որոշումներով, հաստատում է, որ նորից գրեթե նույն անձինք են լինելու, թեև խորհրդում նաև հ/կ-ներից են մարդիկ ներգրավվում։

- Ընդունվել է ԱԱՏՄ լիազորությունները մեծացնող օրենքը, մեկ տարի անց՝ 2021-ի հուլիսի 1-ից,  ուժի մեջ կմտնի։ Կարո՞ղ ենք փաստել, որ այդպիսով պետությունն ամբողջությամբ վերականգնում է աշխատողների իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր պարտավորությունը, և կունենանք այնպիսի տեսչական, ինչպիսին Աշխատանքի պետական տեսչությունն էր։

- Ես որքանով ուսումնասիրել եմ վերջին փոփոխությունները՝ օրենսգրքում վերականգնվում է 7-8 տարի առաջվա նորմը․ ըստ որի՝  աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող  այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է Տեսչական մարմինը։ Հետո օրենսգրքում փոփոխություն կատարվեց, օրենսդրությունն ու իրավական նորմերը դուրս եկան, դրանց փոխարեն մտավ աշխատողների առողջության, անվտանգության հարցերի նկատմամբ բառակապակցությունը, այսինքն՝ տեսչական մարմինը միայն այդ մասով էր իրավասու։ Հիմա այս նոր փոփոխությունով վերականգնվում է հին տարբերակը։ Այսինքն՝ էլի Տեսչական մարմինը լայն լիազորություններ է ունենում, ուղղակի այլ հարց է, որ այդ ամենը պետք է ապահովվի նաև այլ ակտերով՝ կանոնադրությամբ, ստուգաթերթերով և այլն։ Գրվածը լավն է, բայց որպեսզի Տեսչական մարմինը կարողանա ռեալ ազդեցություն ունենալ, պետք է ավելացվեն համապատասխան ստուգաթերթերը, պետք է իր կանոնադրության մեջ խնդիրների շրջանակը բացված գրվի և այլն։

Այլ հարց էլ կա․ մեխանիկորեն նախկինը վերականգնելն էլ ճիշտ չէ, քանի որ, ամեն դեպքում, իմ նշած Տեսչական բարեփոխումների հայեցակարգում խնդիրներ էին նշված, որ հնարավոր է՝ մինչև հիմա ակտուալ են։ Պետք է դրանց արձագանք տրվի, ասվի՝ այս պահին կառավարությունը համաձա՞յն է, թե՞ ոչ և ի՞նչ է անելու, որ նոր, ուժեղ տեսչության մեջ այդ հարցերը լուծված լինեն։ Հինը վերականգնելու փոխարեն՝ կարելի է կատարելագործվածը ստեղծել։

- Ըստ Ձեզ՝ վերջին երկու տարիների ընթացքում աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերում պետական քաղաքականության նկատելի բարեփոխումներ կա՞ն։

- Հենց այն, ինչ խոսում էինք՝ Աշխատանքային օրենսգրքի այս փոփոխությունները, տեսչական մարմնի կարևորումը, ստուգաթերթերի հաստատումը և այլն, դրական քայլեր են, որովհետև, 2013-ից սկսած, Աշխատանքի տեսչությունը փուլ առ փուլ թուլացվում էր, իսկ հիմա հակառակ միտումը կա՝ թեև գուցե ոչ շատ ծավալուն։ Նաև Ազգային ժողովում այս հարցերն ավելի հաճախ են քննարկում մի քանի պատգամավորներ, որոնք ունեն համապատասխան փորձը։ Այսինքն՝ սա գուցե ոչ այնքան ինստիտուցիոնալ է, որքան որոշ պատգամավերների հետևողականության արդյունք, մարդկանց, որոնք խնդիրներից տեղյակ են և բարձրաձայնում են։ 

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել