Եկամտահարկի համահարթեցմամբ մեզ մեղադրեցին պրոգրեսիվության վերացման համար, դրան հասնելու ճանապարհ առաջարկվեց  գույքահարկի փոփոխությունները. Ատոմ Ջանջուղազյան
11:03 - 30 հունիսի, 2020

Եկամտահարկի համահարթեցմամբ մեզ մեղադրեցին պրոգրեսիվության վերացման համար, դրան հասնելու ճանապարհ առաջարկվեց գույքահարկի փոփոխությունները. Ատոմ Ջանջուղազյան

Ըստ էութան , մենք գտնվում ենք բարեփոխումների գործընթացի հերթական փուլում ։ Ուզում եմ հիշեցնել, որ սա ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն է, այլ տրամաբանական շարունակությունն է այն նախաձեռնությունների, որոնց առիթ եղել է բազմիցս անդրադառնալու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Վերջինս իր խոսքում ասաց․

 «Մասնավորապես,   հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը և այդ տրամաբանությամբ մենք երկու մասի էինք բաժանել միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել հարկային համակարգի փոփոխությունների ուղղությամբ։ Առաջինը դրանք՝ ընթացիկ պայմանական անվանմամբ և քիչ վիճարկելի կամ բացարձակ, ոչ վիճարկելի փոփոխությունների մասին է խոսքը։ Երկրորդը՝ ավելի խորքային և արմատական փոփոխություններ ենթադրող միջոցառումների մասին էր խոսքը։ Առաջին խումբ միջոցառումներից մենք առիթ ունեցել ենք մանրամասնել, արդեն անցյալ տարվա ընթացքում քննարկումների արդյունքում ձևավորված նախագիծը ներկայացվեց,  և ԱԺ-ի կողմից հավանության արժանացավ։ Այդտեղ դրված էր հետևյալ տրամաբանությունը՝ մեղմել հարկային դրույքաչափի բեռը՝ նպաստելով տնտեսական աճի պոտենցյալի զարգացմանը, բայց  միևնույն ժամանակ խնդիր էր դրված, որպեսզի պահպանվի  հարկային եկամուտների ձևավորված չափը պետական բյուջեի համար։ Դա հնարավոր էր միայն այն դեպքում, երբ անուղղակի հարկերի հետ կապված որոշակի ավելացումներ նախատեսվեին՝  առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում,  որովհետև ի վերջո երկար ժամանակահատվածում ենթադրվում էր, որ ուղղակի հարկերի բեռի նվազեցումը հանգեցնլու է տնտեսական լրացուցիչ աճի հնարավորության, ինչն էլ իր հերթին լրացուցիչ հարկային եկամուտներ է գեներացնելու։

Այդ համատեքստում փոփոխություններ կատարվեցին եկամտային հարկի դրույքաչափերում և մոտեցումներում, ինչպես նաև շահութահարկի հետ կապված դրույթաչափի վերանայում տեղի ունեցավ։ Եկամտային հարկի մասով, ինչպես գիտեք ներմուծվեց համահարթ եկամտային հարկի դրույքաչափ, այն 23 տոկոս  մակարդակում արձանագրվեց և  աստիճանական նվազեցմամբ մինչև 20  տոկոս հասնելու տրամաբանություն դրվեց։ Եկամտային հարկի համահարթեցման համար մենք քննադատության ենթարկվեցինք, որ վերացվում է պրոգրեսիվությունը, այսինքն՝ շատ եկամուտ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումն է դուրս մնում, ինչին ի պատասխան՝ մենք ասում էինք, որ պրոգրեսիվությունը ձևական էր:  Պրոգրեսիվության հասնելու ճանապարհ առաջարկվեց այն, որ կհարկվի ոչ թե կոնկրետ ժամանակահատվածի ստացված եկամուտը, այլ տեսանելի հարստությունը՝ տվյալ դեպքում խոսքը վերբաերում է գույքին և պրոգրեսիվություն կներմուծվի գույքի հարկման համակարգ: Բացի այն, որ այս թեզը դրեցինք փոփոխության հիմքում, նաև կար ակնհայտ փոխհամաձայնություն մի հարցի հետ կապված, որ կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, շատ հեռու են և դրանք ձևավորվել էին շատ վաղուց և հեռու են այդ նույն գույքային միավորների շուկայական արժեքներից։ 

Փոփոխությունները կյանքի կոչելուց առաջ հսկայական վերլուծություն են արել: Մեզանում առհասարակ հարկն ընկալվում է որպես բեռ: Մեր մոտեցումն այն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական կամ համայնքի բյուջեն ենթադրվում է, որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը: Եթե այդ տեսակետից դիտարկվի, շատ ավելի ընկալելի կլինի երևույթը: Այս մոտեցումը պետք է չանտեսվի, մենք չենք հասել համայնքային կամ հանրային ծառայությունների այնպիսի որակի, որ կարող ենք համարել բավարարված: Չեք գտնի որևէ մեկին, որ համարի բավարարված իր բնակության միջավայրով, հետևաբար, ճանապարհը դրա դիմաց վճարելն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել