ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ԵՄ աջակցությունն ու գործընկերությունը շարունակական են
11:31 - 30 հունիսի, 2020

ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ԵՄ աջակցությունն ու գործընկերությունը շարունակական են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հագեցած օրակարգում ընդգրկվել է հարցերի լայն շրջանակ. անդրադարձ է կատարվել կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ընթացիկ բոլոր ծրագրերին:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ինչպես հանրակրթության և ՄԿՈւ ոլորտներում իրականացվող համապարփակ բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, այնպես էլ Եվրամիության այն օժանդակության համար, որը տրամադրվել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված արտակարգ դրության պայմաններում: Նախարարը կարևորել է այս օրերին կրթության ոլորտում նոր հնարավորությունների զարգացումը՝ պայմանավորված հեռավար կրթության ենթակառուցվածքների ձևավորմամբ: Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները ուսումնական գործընթացը սեպտեմբերին վերսկսելու նպատակով:

Դեսպան Վիկտորինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ասել է, որ տպավորված է հատկապես գիտության բնագավառում հայ մասնագետների արձանագրած հաջողություններով: Նրա խոսքով՝ ֆինանսական աջակցությունից բացի, Եվրամիությունը պատրաստակամ է տրամադրել նաև փորձագիտական օժանդակություն ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացում:

Նախարար Ա. Հարությունյանը դեսպանին նաև իրազեկել է, որ արդեն լայն շրջանառության է դրվել Հանրակրթության պետական չափորոշիչը, որի փորձնական կիրառումը նախատեսված է 2021 թվականին: Ինչ վերաբերում է կրթության և երիտասարդության ռազմավարություններին, ապա ծավալուն այս փաստաթղթերը դեռևս մշակման փուլում են և հանրային քննարկման կդրվեն ավելի ուշ:

Նա հատկապես կարևորել է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում կրթության, մշակույթի, երիտասարդների փոխանակման ծրագրերի տեղեկատվական կենտրոնների գործունեությունը Հայաստանում՝ էական համարելով դրանց՝ Հայաստանում տեղակայված լինելու հանգամանքը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագրի իրագործումը, որը միտված է մարզերում մշակույթի ոլորտի զարգացման կայուն հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև 2021 թ.-ին մեկնարկելիք «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակում հայ-եվրոպական գիտահետազոտական համագործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել