news.am: Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին պաշտպանական կողմը դատարանին է ներկայացել երկու միջնորդություն, երկուսն էլ մերժվել է։
Պաշտպանական կողմը նախ գործով մեղադրող դատախազին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է։
Գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ ամբաստանյալի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։
Դատական նիստին հարցաքննվել են նաեւ գործով որպես վկա՝ ԱԻՆ-ի աշխատակիցները։
Նշենք, որ ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:
«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։
comment.count (0)